13/01/2023
2022 թ․սեպտեմբերի 21-26-ը «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի համակարգողը «Կանաչ քաղաքներ» ծրագրի շրջանակներում մասնակցել է Ռուսաստանի Պերմ և Նիժնի Նովգորոդ քաղաքներում կազմակերպված կանաչ արշավին, որի նպատակն էր ծանոթանալ նշված քաղաքների կանաչ տարածքների կառավարման մեթոդներին և ուսումնասիրել լավագույն փորձը։
Ծրագիրն իրականացվում է «Համաշխարհային անկախ երիտասարդական միություն» ՀԿ-ի (Հայաստան), «Bridge LTD» (Ռուսաստան) և «Mensh-Raum Land e.V.»(Գերմանիա) կազմակերպությունների կողմից համատեղ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ծրագրի աջակցությամբ։
«Կանաչ քաղաքներ» ծրագրի նպատակն է՝ քաղաքային կանաչ տարածքների պահպանությանն ուղղված համագործակցության հարթակի ձևավորումը և փորձի փոխանակումը, իսկ հիմնական գաղափարը՝ միկրոպրակտիկաների մասին իրազեկումը։ Միկրոպրակտիկան դա յուրաքանչյուր բնակչի կողմից իր համայնքի կանաչապատմանը, բարեկարգմանն ուղղված աշխատանքներն են, որը նա կարող է անել պարզապես առանց քաղաքային իշխանությունների կողմից թույլտվություն ստանալու։ Այսինքն՝ բնակիչը հոգ է տանում իր շրջակա միջավայրի մասին և օրինակ ծառայում համայնքի մյուս բնակիչների, այլ համայքների, ինչպես նաև այլ երկրների բնակիչների համար։
Այդպիսի լավագույն փորձի մասնակիցներն ականատես եղան Պերմ քաղաքում, երբ բնակիչների ջանքերով երկու բարձրահարկ բնակելի շենքերի մեջտեղով հոսող Իվա գետի Ուինկա վտակի ափամերձ հատվածներում գոյացած աղբավայրը վերածվել էր այգու և ստացել «Սոխակների այգի» (Сад соловьев) անվանումը։ Փաստորեն քաղաքային տարածքում, բնակելի շենքերի հարևանությամբ առկա է մի հրաշք բնական միջավայր, որտեղ ստեղծվել է կենսաբազմազանության պահպանության համար նպաստավոր պայմաններ։ Այստեղ ամեն ինչ մտածված է և′ միջատների, և′ թռչունների և′ տարածաշրջանին յուրահատուկ բուսատեսակների համար։ «Սոխակների այգին» համարվում է նաև էկոկրթական կենտրոն, իսկ նրա խնամքով և զարգացմամբ զբաղվում են բնապահպանները, բնակիչների հետ համատեղ։
Պերմ քաղաքում շատ օրինակելի էր նաև փոքր գետերի և առվակների կարևորումը․ այստեղ կա մոտավորապես 300 փոքր գետակներ, որոնց հանդեպ հոգատար վերաբերմունք են ցուցաբերում թե′ քաղաքային իշխանությունները, թե′ բնակիչները։ Այդ գետերի ափամերձ հատվածները հանդիսանում են բնադրավայրեր տարբեր թռչնատեսակների համար, բացի այդ այստեղ աճում են տարբեր տեսակի թփեր և բույսեր, որոնք կարևոր նշանակություն ունեն քաղաքի էկոլոգիական իրավիճակի համար։ Քաղաքով անցնում են երկու խոշոր գետեր՝ Չուսովայա և Կաման, որը համարվում է Արևմտյան Ուրալի գլխավոր գետը և ունի 1805 կմ երկարություն։ Նիժնի Նովգորոդ քաղաքը ևս շատ հետաքրքիր էր կանաչ տարածքների կառավարման առանձնահատկություններով։ Այստեղ բնությունը շռայլ է գտնվել. փարթամ բուսականություն, խնամված քաղաքային կանաչ տարածքներ, նպաստավոր կլիմայական պայմաններ, իսկ այս ամենն էլ ավելի լավ է պահպանվում շնորհիվ ակտիվ քաղաքացիների։ Այստեղ էկոակտիվիստները ի շահ կանաչ տարածքների պահպանության ակտիվորեն համագործակցում են կառավարության, տարածքային և ՏԻՄ մարմինների հետ, մասնակցելով օրենսդրական կարգավորումներին, կանաչ տարածքների կառավարման պլաններին և այլն։ Իհարկե հանդիպում են նաև դժվարությունների և խոչընդոտների, բայց հաճախ տոնում են հաղթանակ, քանի որ պատկան մարմինները հաշվի են առնում բնապահպան-մասնագետների կարծիքները։
Այցելության ընթացքում երկու քաղաքներում էլ կային կանաչ տարածքների կառավարման հետաքրքիր և օրինակելի ձևաչափեր, որոնց մասին Օրհուս կենտրոնը հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնում և մեր երկրում այդպիսի դրական օրինակների ներդրման առաջարկություններ է ներկայացնում։
«Կանաչ քաղաքներ» ծրագիրն իր ավարտին հասավ 2022թ․ դեկտեմբերին, սակայն ծրագրի շրջանակներում ստեղծված համագործակցության առցանց հարթակները՝ Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի բնապահպան-ակտիվիստների միջև շարունակում են գործել, հանդիսանալով միմյանց միջև գիտելիքների, փորձի , մասնագիտական խորհուրդների ու կարծիքների փոխանակման արդյունավետ գործիք: