AM RU EN

Կլիմայական վերլուծություն

2024 թվականին Հայաստանում դիտված տարեկան միջին ջերմաստիճանը՝ 7.2 °C, նորմայից (1961-1990 թթ.) բարձր էր 1.7 °C-ով, այն յոթերորդ տաք տարին էր, սկսած 1935 թվականից։ Տարեկան տեղումների քանակը՝ 669.3 մմ , կազմել է նորմայի (592 մմ) 113 %-ը։ 2024 թվականի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Ուրցաձորում օգոստոսի 24-ին՝ 39.5 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը դիտվել է Աշոցքում հունվարի 31-ին՝ -31.5 °C։


Գծապատկեր 1. Օդի միջին ամսական ջերմաստիճանը

 


Գծապատկեր 2. Ամսական մթնոլորտային տեղումների քանակը

 

Օդի ջերմաստիճանի շեղումը
2024 թ․
Մթնոլորտային տեղումների շեղումը
2024 թ․

 

Սեզոնային վերլուծություն 

2023-2024 թվականի ձմեռը երկրորդ ամենատաքն էր սկսած 1935 թվականից։ Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը՝ -1.5 °C, նորմայից բարձր էր 4.0 °C-ով, իսկ տեղումների քանակը՝ 114 մմ, նորմայի սահմաններում էր։
Ձմռան երեք ամիսներին էլ օդի միջին ամսական ջերմաստիճանները բարձր էին նորմայից 3.8-4.0 °C-ով։ 2023 թվականի դեկտեմբերը երկրորդ ամենատաք դեկտեմբերն էր, ամենատաքը դիտվել է 2010 թվականին։ 2024 թվականի հունվարը հինգերորդ տաք հունվարն էր 1966, 1963, 2010 և 1987 թվականներից հետո։
Ձմռան սեզոնին հատկապես տեղումնառատ էր հունվար ամիսը՝ մթնոլորտային տեղումները կազմել են նորմայի 182 %-ը, այն հինգերորդ խոնավ հունվարն էր 2010, 2016, 1978 և 2000 թվականներից հետո, իսկ փետրվարը չորային էր, երբ ամսական տեղումների գումարը կազմել է նորմայի 36 %-ը։

Օդի ջերմաստիճանի շեղումը
Ձմեռ 2023-2024 թթ․
Մթնոլորտային տեղումների շեղումը
Ձմեռ 2023-2024 թթ․

 

 

2024 թվականի գարունը դասվեց «տաք և խոնավ» գարունների շարքում, այն յոթերորդ ամենատաք և ամենախոնավն էր սկսած 1935 թվականից։ Գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը՝ 6.4 °C, նորմայից բարձր էր 2.0 °C-ով, իսկ տեղումների քանակը կազմել է 268.2 մմ, որը կազմում է նորմայի 127.1 %-ը։
2024 թվականի ապրիլը ամենատաքն էր սկսած 1935 թվականից: Միջին ամսական ջերմաստիճանը ապրիլին կազմել է 9.4 °C, որը նորմայից բարձր էր 4.5 °C-ով։ Միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել նաև մարտ ամսին, իսկ մայիսին՝ օդի ջերմաստիճանը մոտ էր նորմային:
Մարտ ամսին դիտվեց տեղումների ամսական քանակի նորմայի 157 %-ը։ Ապրիլը ամենաչորն էր դիտարկումների ողջ պատմության մեջ, երբ ամսական տեղումների քանակը կազմել էր նորմայի 33 %-ը, որին հաջորդեց տեղումնառատ մայիսը, որը երկրորդ ամենախոնավն էր սկսած 1935 թվականից։ Ամսական տեղումների քանակը մայիսին կազմեց նորմայի 180 %-ը:

Օդի ջերմաստիճանի շեղումը
Գարուն 2024թ․
Մթնոլորտային տեղումների շեղումը
Գարուն 2024թ․

 

2024 թվականի ամառը դասվեց «տաք» ամառների շարքում։ Ամռան միջին սեզոնային ջերմաստիճանը՝ 17.4 °C, նորմայից բարձր էր 1.6 °C-ով, իսկ տեղումների քանակը կազմել է 161.1 մմ, որը մոտ էր նորմային և կազմում է նորմայի 108.9 %-ը։
Ամռան երեք ամիսներին էլ օդի միջին ամսական ջերմաստիճանները բարձր էին նորմայի համեմատ։ Հատկապես տաք էր հունիս ամիսը, այն յոթերորդ տաք հունիսն էր սկսած 1935 թվականից։ Տեղումների առումով առանձնացավ հուլիս ամիսը. ամսական տեղումները կազմել են նորմայի 191.8 %-ը։ Այն 7-րդ ամենախոնավ հուլիսն էր սկսած 1935 թվականից և ամենախոնավը 1965 թվականից հետո։ Հունիս և օգոստոս ամիսները չորային էին՝ տեղումների ամսական քանակը կազմել էր նորմայի 60-80 %-ը:

Օդի ջերմաստիճանի շեղումը
Ամառ 2024 թ․
Մթնոլորտային տեղումների շեղումը
Ամառ 2024 թ․

 

2024 թվականի աշնանը դիտված միջին սեզոնային ջերմաստիճանը՝ 7.5 °C, նորմայից բարձր էր 0.3 °C-ով։ Հատկապես տաք են եղել սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր էր նորմայից համապատասխանաբար 1.7 °C և 0.7 °C–ով, իսկ նոյեմբերի միջին ամսական ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում:
Սեզոնային գումարային տեղումների քանակը կազմել է 144.3 մմ կամ նորմայի 121.2 %-ը։ Հատկապես տեղումնառատ էին սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները. տեղումները կազմել են ամսական նորմայի համապատասխանաբար 170 % և 132 %-ը, իսկ նոյեմբերին տեղումները նորմայից ցածր են եղել՝ կազմելով նորմայի 74 %-ը։

Օդի ջերմաստիճանի շեղումը
Աշուն 2024 թ․
Մթնոլորտային տեղումների շեղումը
Աշուն 2024 թ․

 

Աղյուսակ 1. Սեզոնային և տարեկան ջերմաստիճանների և տեղումների քանակի փոփոխությունը 1935-2024 թթ. ժամանակահատվածում

  Ջերմաստիճան (°C) Տեղումներ (%)
Ձմեռ                         +1.7 -4.1
Գարուն +2.0 -12․1
Ամառ  +2.1     -30․2
Աշուն +1.1     -29.1
Տարեկան +1.7     -18․9

 

Երևան

Երևանում 2024 թվականին միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է 14.2°C, որը բարձր էր նորմայից 2.4 °C-ով։ Տարեկան տեղումների քանակը կազմել է 450.2 մմ, որը տարեկան նորմայի 156 % է։ 2024 թվականին դիտված առավելագույն ջերմաստիճանը կազմել է 38.5 °C, որը դիտվել է օգոստոսի 23-24-ը։ Ամենատաք ամիսը եղել է օգոստոսը, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 27.6 °C։ 2024 թվականին դիտված նվազագույն ջերմաստիճանը կազմել է -9.8 °C, որը դիտվել է հունվարի 28-ին։
Ապրիլի 29-30-ը դիտված օրական առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին տվյալ օրերի երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանները և հասան մինչև 31.5 °C-ի։


Գծապատկեր 3. Առավելագույն, նվազագույն և միջին ամսական և տարեկան ջերմաստիճանները Երևանում 2024թ.

 

Կլիմայական ինդեքսներ և էքստրեմումներ
Ամառային օրեր (SU25)

Ամառային օրերի գումարային թիվը (երբ օրական առավելագույն ջերմաստիճանը 25 °C -ից բարձր է) 2024 թվականին նորմայից բարձր է եղել միջինում` 2 օրով։ Ամառային օրերի թվի շեղումը նորմայից Արմավիրում կազմել է 15 օր, իսկ Գյումրիում, Վանաձորում և Անանուն լեռնանցքում՝ 13-14 օր։ Միևնույն ժամանակ, ամառային օրերի գումարային թիվը նորմայից պակաս էր Աշոցքում՝ 22 օրով, Ամբերդում և Հրազդանում՝ 8 օրով։


Գծապատկեր 4. Ամառային օրերի (SU25) թիվը 2024թ.

 

Սառնամանիքային օրեր (IDO)

2024 թվականին սառնամանիքային օրերի թիվը (երբ առավելագույն ջերմաստիճանը ցածր է 0°C-ից) գրեթե բոլոր կայաններում եղել է նորմայից պակաս միջինը 20 օրով։ Սառնամանիքային օրերի թիվը զգալիորեն ցածր է եղել նորմայից Շորժայում՝ 34 օրով, Որոտանի լեռնանցքում՝ 33 օրով, Սեմյոնովկայում՝ 30 օրով։

Գծապատկեր 5. Սառնամանիքային օրեր 2024թ․

 

Առավելագույն ջերմաստիճանները (TXx)

2024 թվականին դիտված առավելագույն ջերմաստիճանները (TXx) բարձր են եղել նորմայից միջինում 2.0 °C-ով, իսկ առավել զգալի շեղումները նորմայից դիտվել են Որոտանի լեռնանցքում՝ 3.4 °C-ով, Շորժայում՝ 3.3 °C-ով, Արմավիրում՝ 3.0 °C-ով։


Գծապատկեր 6. Տարեկան առավելագույն ջերմաստիճանները  2024թ,

 

Ջերմային ալիքներ

Ջերմային ալիքները գնահատվել են մայիս-սեպտեմբեր ժամանկահատվածի համար։ Ըստ առավելագույն ջերմաստիճանի դիտարկումների տվյալների 2024 թվականին ջերմային ալիք դիտվել է հունիսի 16-21-ը, օգոստոսի 21-24-ը՝ կայանների մեծ մասում, և սեպտեմբերի 2-4-ը և 11-13-ը՝ որոշ կայաններում։ Ամենաերկար ջերմային ալիքները դիտվել են Արմավիրում և Արտաշատում՝ 8-ից 10 օր տևողությամբ (Գծապատկեր 7)։ Ջերմային ալիքով օրերի թիվը Հայաստանում հիմնականում պակաս է եղել նորմայից՝ միջինը 3-4 օրով, սակայն Արմավիրում, Արտաշատում և Արարատում գերազանցել է նորման՝ կազմելով 16-21 օր (Գծապատկեր 8)։


Գծապատկեր 7․ Ամենաերկար ջերմային ալիքի տևողությունը 2024թ.


Գծապատկեր 8․ Ջերմային ալիքով օրերի թիվը 2024թ.

Ցուրտ ալիքներ

Ցուրտ ալիք է համարվում այն դեպքը, երբ դիտված օրական նվազագույն ջերմաստիճանները առնվազն 3 օր անընդմեջ ցածր են եղել համապատասխան օրերի նվազագույն ջերմաստիճանների 10 % ապահովվածության արժեքներից։ Ցուրտ ալիքը հաշվարկվել է նոյեմբեր-մարտ ժամանակահատվածի համար։ Ցուրտ ալիք գրանցվել է հունվարի 30-ից փետրվարի 2-ը՝ Որոտանի լեռնանցքում, Ապարանում, Աշոցքում և Գորիսում։ Ցուրտ ալիքով օրերի թիվը զգալիորեն պակաս է եղել նորմայից։

Երաշտային պայմանները

2024 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին օդերևութաբանական երաշտի ինտենսիվության մոնիթորինգ իրականացվել է 38 կայանների տվյալների հիման վրա, որոնք բնութագրական են ամբողջ տարածքի համար։ Երաշտային պայմանների գնահատումը իրականացվել է 5 կարգերով՝ 1-շատ ուժեղ, 2-ուժեղ, 3-միջին, 4-թույլ և 5-երաշտի բացակայություն, համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի 925-Ն որոշման մեթոդաբանության։
Ինչպես երևում է Աղյուսակ 2-ից, շրջանների զգալի մասում երաշտային պայմաններ ձևավորվել օգոստոսի երրորդ տասնօրյակին։ Արարատյան դաշտի և Սյունիքի հովտային շրջաններում օդերևութաբանական երաշտ դիտվել է ավելի վաղ՝ հունիսի վերջին տասնօրյակից, որը պայմանավորված է այս շրջանների չոր և տաք կլիմայական պայմաններով։


*-1-շատ ուժեղ, 2-ուժեղ, 3-միջին, 4-թույլ, 5-երաշտի բացակայություն

Արեգակնային ճառագայթում

Արեգակնային ճառագայթման վերլուծություններն իրականացվել են CM SAF գլոբալ կլիմայական մոնիթորինգի արբանյակային դիտարկումների տվյալների հիման վրա։
Գծապատկեր 9-ում ներկայացված են 2024 թվականի արեգակնային ուղիղ ճառագայթման նվազագույն (հունվար) և առավելագույն (հունիս) արժեքներով ամսիների քարտեզները։
Հունվար ամսին առավելագույն արժեքներ գրանցվել են Արարատյան դաշտում և հանրապետության հյուսիս-արևելյան շրջաններում (35-40 Վտ/մ²), Շիրակի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում գրանցվել է արեգակնային ճառագայթման ցածր արժեքներ։
Հունիս ամսվա քարտեզի վերլուծությունը ցույց է տալիս, որ արեգակի ճառագայթման առավելագույն արժեքներ գրանցվել են Արարատյան դաշտում և Շիրակում (մինչև 260Վտ/մ²), դեպի հյուսիս և հյուսիս արևելք ճառագայթման արժեքները աստիճանաբար նվազում են հասնելով մինչև 100-110 Վտ/մ²։

Գծապատկեր 9․ Մակերևույթի ուղիղ ճառագայթման արժեքները (Վտ/մ²) ըստ արբանյակային դիտարկումների հունվար և հունիս ամիսներին (ձախից աջ հերթականությամբ)

Քամի

Հայաստանի հովտային շրջաններում քամու միջին տարեկան արագությունը կազմել է 1.5 մ/վ, իսկ 800-1000 մ բարձրություններում՝ 1 մ/վ։ Բարձրադիր շրջաններում քամու արագությունը աճել է և հասել մինչև 4.0 մ/վ 2500 մ-ից ավել բարձրություններում՝  Գծապատկեր 10։

Գծապատկեր 9․ Քամու միջին տարեկան արագությունն ըստ բարձրության տարբեր գոտիների 2024թ.

Հարաբերական խոնավությունը

2024 թվականին օդի հարաբերական խոնավության միջին տարեկան արժեքները եղել են նորմային մոտ Հայաստանի ցածրադիր շրջաններում, այնինչ սկսած 1000-1500 մ բարձրություններից հարաբերական խոնավությունը եղել է նորմայից փոքր-ինչ ավել՝ Աղյուսակ 3։

Աղյուսակ 3. Հարաբերական խոնավություն (%)

Բարձրություն, մ 2024թ նորմա
500-800 70.0 69
800-1000 60.6 60
1000-1500 69.3 67
1500-2000 75.5 70
2000-2500 74.8 71

 

Մթնոլորտային ճնշումը

2024 թվականին մթնոլորտային ճնշումը (հՊա) հիմնականում եղել է նորմային մոտ կամ նորմայից փոքր-ինչ բարձր (Աղյուսակ 4)։

Աղյուսակ 4. Մթնոլորտային ճնշումը (հՊա)

Բարձրություն, մ 2024թ նորմա
500-800 9462 9464
800-1000 9171 9170
1000-1500 8792 8790
1500-2000 8201 8194
2000-2500 7753 7744