AM RU EN

Համգործակցություն ՀԿ-ների հետ

Վրաստանի Օրհուս կենտրոնի փորձի ուսումնասիրման նպատակով առցանց հանդիպում

29/03/2023

Մարտի 27-ին,   Վրաստանի Օրհուս կենտրոնի փորձի ուսումնասիրման նպատակով, ոչ ֆորմալ ձևաչափով, ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի գրասենյակի աջակցությամբ  տեղի ունեցավ առցանց հանդիպում  ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և Վրաստանի Օրհուս կենտրոնի միջև։ Հանդիպմանը մասնակցեցին ԵԱՀԿ գրասենյակի շրջակա միջավայրի պահպանության հարցերով համագործակցության ղեկավար Քրիստիան Մելիսը, Օրհուսի կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Մարիա Յանուշը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Օրհուսի կոնվենցիայի Հայաստանի և Վրաստանի Ազային համակարգողները, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության,  Օրհուս կենտրոնների և քաղհասարակության ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում կարևորվեց Օրհուս կենտրոնների դերը Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնասյուների՝ շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցության և արդարարադատության մատչելիության մասին կոնվենցիայի իրականացման գործում, հատուկ շեշտվեց ԵԱՀԿ գրասենյակի դերի մասին  կենտրոնների ստեղծման և տարիներ շարունակ աջակցության հարցերում։

Վրաստանի Օրհուս կենտրոնը ստեղծվել է 2005 թվականին, այնուհետև 2013 թվականից կենտրոնը վերակազմավորվել է՝ վերանվանվելով  Բնապահպանական տեղեկատվության և էկոկրթության կենտրոն և գործում է Վրաստանի Շրջակա  միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ներքո։ Կենտրոնը կատարում է տարբեր գործառույթներ, որոնք ուղղված են Օրհուսի կոնվենցիայի իրականացմանը։ Կենտրոնի գործունեության, իրավական հիմքերի և գործառույթների մասին մանրամասնորեն ներկայացրեց կենտրոնի ղեկավար Թամարա Ալադաշվիլին։ Կենտրոնն ունի գործակալության (Agency)  իրավական կարգավիճակ և իրականացնում է բնապահպանական ու գյուղատնտեսական ուղղվածության ծրագրեր։ Հուլիսի 1-ից կենտրոնը պետք է մատուցի նաև հանրային լսումների իրականացման ծառայություն, որն ամրագրվել է Վրաստանի ՇՄԱԳ օրենսգրքով։
Վրաստանի փորձն օրինակելի է, սակայն այն մի փոքր տարբերվում է  Հայաստանի Օրհուս կենտրոնների գործունեությունից, քանի որ Հայաստանի կենտրոնները համայնքային մակարդակով էին անդրադառնում հանրության էկոլոգիական իրավունքի պաշտպանությանը։ Վրաստանի և այլ երկրների փորձը, ինչպես նաև Հայաստանի Օրհուս կենտրոնների հետագա գործարկմանն ուղղված  մի շարք այլ հնարավորություններ  առավել մանրամասն կուսումնասիրվեն ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի հրամանով Օրհուս կենտրոնների ինստիտուցիոնալ իրավական նոր կարգավիճակի վերաբերյալ առաջարկի մշակման նպատակով ստեղծված  աշխատանքային խմբի կողմից, որից հետո կներկայացվեն համապատասխան առաջարկություններ։