26/10/2023
Աղտոտիչների վերացման միջազգային ցանցը (IPEN) ս.թ. հոկտեմբերի 22-ից 28-ն անց է կացնում կապարով թունավորման դեպքերի կանխարգելման ամենամյա միջազգային շաբաթը, որը միտված է ուշադրություն հրավիրելու կապարի վրա, որը հանրային առողջության համար լուրջ թունավոր սպառնալիք է։ Վերջնական նպատակ ունենալով երեխաների և այլ խոցելի խմբերի, օրինակ՝ վերարտադրողական տարիքի կանանց և աշխատողների առողջության պաշտպանությունը, այս ակցիային կներգրավվեն կառավարութունը, արդյունաբերությունը և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերը, ինչպես նաև ԶԼՄ-ները՝ կոչ անելով իշխանություններին որդեգրել ներկերի վերահսկման ուժեղ գործիքներ կամ խթանել արդյունավետ մշտադիտարկման և կիրառման մեխանիզմներն այն երկրներում, որտեղ արդեն գործում են օրենքներ՝ զարգացող երկրներում արտադրվող և իրացվող կապարային ներկերի վերաբերյալ: IPEN-ն աջակցում է Կապար պարունակող ներկերի վերացման գլոբալ դաշինքին (GAELP): Ներկերում պարունակվող կապարը ճանաչվում է որպես երեխաների վրա կապարի ազդեցության հիմնական աղբյուր: Պայքարե՛ք կապարի քրոմատը Ռոտերդամի կոնվենցիայում ներառելու համար:
Կապարը թունավոր ծանր մետաղ է, որը պարունակվում է շատ արտադրատեսակներում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր տներում և աշխատավայրերում առկա ամենօրյա օգտագործման ապրանքներում: Կապարի ազդեցությունը կարող է վնասել մեր առողջությունը, իսկ վերջինիս անգամ փոքր քանակությունները կարող են վնաս հասցնել երեխայի նյարդաբանական զարգացմանը՝ պատճառելով դժվարություններ ուսման մեջ և առաջացնելով վարքագծային խնդիրներ:
2009 թվականից սկսած՝ IPEN-ի, նրա անդամ խմբերի և Դաշինքի գործընկերների կողմից իրականացվող աշխատանքները հանգեցրին շատ ընկերությունների կողմից կապար պարունակող ներկերի արտադրության և վաճառքի դադարեցմանը, ազդեցություն գործեցին մի շարք երկրներում հսկողության նորմատիվային նոր միջոցների կայացման վրա և աջակցեցին շահագրգիռ կողմերին այն գործիքներով, որոնք անհրաժեշտ են վերջիններիս՝ փոփոխություններ կատարելու համար:
Ցավոք, կապարային ներկերը դեռ շարունակում են օգտագործվել աշխարհի շատ երկրներում: Կապարային ներկերի օգտագործումը դադարեցնելուն արագ հասնելու համար IPEN-ը կոչ է անում ազգային քայլեր ձեռնարկել՝ ընդունելու կանոնակարգեր, որոնք կարգելեն կապարի օգտագործումը բոլոր տեսակի ներկերում, ինչպես նաև կնպաստեն կապարի քրոմատների, կապարային ներկերում գունանյութերի ներառմանը Ռոտերդամի կոնվենցիայում:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն, որպես IPEN-ի անդամ, կպատրաստի և կտարածի նյութեր՝ քաղաքացիների իրազեկման համար այն վտանգների մասին, որոնք հանգեցնում են առողջապահական խնդիրների և աղտոտում են շրջակա միջավայրը, ինչպես նաև կկազմակերպի հանդիպումներ լրագրողների հետ, առցանց վեբինար՝ ուսանողների և ուսուցիչների հետ՝ նվիրված այն գործողություններին, որոնք պետք է ձեռնարկվեն ներկերի բաղադրությունից կապարի բացառման և երեխաների առողջությունը կապարի ազդեցությունից պաշտպանելու համար: