AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված ջրի համաշխարհային և ջրաբանի օրվան

22/03/2023

Հարգելի՛ ջրաբաններ և ջրային ոլորտի աշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոների՝ Ջրաբանի և Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ:
1993 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ը հռչակել է Ջրի համաշխարհային օր, իսկ մեր հանրապետությունում կառավարության որոշմամբ 2022 թվականից նշվում է որպես Ջրաբանի օր:
Մարտի 22-ը բացառիկ հնարավորություն է հիշեցնել մարդկությանը բնական այն ռեսուրսի մասին, որը մեր ողջ կյանքն է և մեր գոյության միջոցը։ Ջուրը կյանքի «հիմնաքարն» է: Ջրի համաշխարհային օրը անցկացվում է ի նշանավորումն ջրի կարևորության և ծառայում է բարձրացնելու իրազեկվածությունն այն մասին, որ այսօր մոտ 2.2 միլիարդ մարդ ապրում է առանց անվտանգ ջրի հասանելիության:
Յուրաքանչյուր տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է որևէ կոնկրետ թեմայի՝ ընթացիկ կամ ապագա գլոբալ մարտահրավերներին համապատասխան:
2023 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱԳԱՑՈՒՄ», իսկ կարգախոսը՝ «ԵՂԵՔ ԱՅՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՏԵՍՆԵԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ»։ Օրվա միջոցառումներն ուղղված են ջրի և սանիտարական ճգնաժամը լուծելու համար փոփոխությունների արագացմանը՝ խրախուսելով մարդկանց քայլեր ձեռնարկել իրենց կյանքում՝ փոխելու ջրի օգտագործման, սպառման և կառավարման եղանակը։
Ինչպես գիտենք, հիդրոլոգիական ցիկլի խանգարումը խաթարում է առաջընթացը բոլոր հիմնական գլոբալ ուղղություններով՝ առողջապահությունից մինչև սով, կրթությունից մինչև արդյունաբերություն, աղետից մինչև խաղաղություն։
Փոփոխություններն արագացնելու համար մեզ ավելի շատ գործողություններ են անհրաժեշտ: Եվ քանի որ ջուրն ազդում է բոլորիս վրա, պետք է մեզանից յուրաքանչյուրը քայլեր ձեռնարկի և լինի այն փոփոխությունը, որը ցանկանում ենք տեսնել աշխարհում։
Պատահական չէ, որ այս տարի Ջրի համաշխարհային օրվա համար որպես սիմվոլ ներկայացվել է փոքրիկ կոլիբրի թռչունը, որը Պերուի կեչուա ժողովրդի հնագույն լեգենդի համաձայն անտառում բռնկված մեծ հրդեհը մարելու համար ջրի կաթիլներ էր տեղափոխում լճից հրդեհը մարելու համար։
Հետևաբար պետք է գործել ինչպես կոլիբրին․ անել հնարավոր ամեն ինչ, ջրամատակարարման և սանիտարիայի ոլորտում ճգնաժամը լուծելուն օգնելու համար և սկսել գործողություններն հիմա։
Հայաստանի համար, որը բնութագրվում է չորային կլիմայական պայմաններով և ոչ հարուստ ջրային ռեսուրսներով, առավել կարևոր է ջրային ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման հետ կապված հարցերը՝ հատկապես կլիմայի փոփոխության պայմաններում։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով Հայաստանի ջրային ռեսուրսների քանակական և որակական մոնիթորինգի, գնահատման, հաշվառման, կանխատեսման պատասխանատու կառույց, կարևորում է ջրի և ջրային ոլորտի հետ առնչվող հարցերի և խնդիրների լուսաբանումը, լուծման ուղիների առաջարկումն իր իրավասության սահմաններում։ Հավաստի և օպերատիվ տվյալներ ունենալու, ինչպես նաև որակյալ սպասարկում իրականացնելու համար կառույցը համալրված է և շարունակում է համալրվել պատասխանատու, գործի նվիրյալ և որակյալ մասնագետներով։
Այսօր այդպիսի մասնագետների առկայությունն է ապահովում մեր առջև դրված պարտականությունների կատարումը և առաջացած խնդիրների լուծումը։
Շնորհավորում եմ ոլորտի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Հայաստանի Հանրապետության ջրաբանության ոլորտի զարգացման գործում: