AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 1-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում «ԵՄ-ն՝ շրջակա միջավայրի համար

01/02/2023

Փետրվարի 1-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում «ԵՄ-ն՝ շրջակա միջավայրի համար․ ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի (EU4Environment) շրջանակներում Հայաստան ժամանած Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության հիդրոերկրաբաններից կազմված փորձագետների թիմի և Ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Վահագն Տոնոյանի հետ։
Այցելության նպատակներից է՝

  • քննարկել 2023 թվականի ստրերկրյա ջրերի աշխատանքների ծրագրերը,
  • քննարկել Հյուսիսային ՋԿՏ-ում մոնիթորինգի ցանցի ընդլայնման հնարավորությունները,
  • աջակցել Հյուսիսային ՋԿՏ-ում ստորերկրյա ջրային մարմինների տարանջատման աշխատանքներին,
  • քննարկել հայ-վրացական համատեղ դաշտային աշխատանքների հարցը:
  • Փորձագետներին ընդունեց նաև «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Ողջունելով հյուրերին՝ Լ․ Ազիզյանն անդրադարձավ առաքելության կարևորությանը, որը միտված է «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կարողությունների զարգացմանը։ Անդրադարձ կատարվեց նաև ծրագրի շրջանակներում փետրվարի 2-3-ը Երևանում կայանալիք ստորերկրյա ջրերի քիմիական և քանակական կարգավիճակների գնահատման տեխնիկական աշխատաժողովին։

Փորձագետների կողմից նույնպես կարևորվեց ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ոլորտում աշխատակիցներին մասնագիտական աջակցության ցուցաբերումը և վերջիններիս կարողությունների զարգացումը։ Փորձագետները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին Հյուսիսային ջրավազանային կառավարման պլանի մշակման աշխատանքներում։
Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև անդրսահմանային համագործակցությունը վրացական կողմի հետ, ինչպես նաև համատեղ մոնիթորինգի և դաշտային ուսումնասիրությունների իրականացումը։ Նշվեց, որ EU4Environment ծրագրի շրջանակներում 2022 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի 30 ստորերկրյա ջրաղբյուրներում կատարվել են հիդրոերկրաբանական հետազոտություններ, բոլոր ջրաղբյուրներից կատարվել են նմուշառումներ։ Կատարված աշխատանքների հիման վրա կազմվել են հաշվետվություններ` հայերեն և անգլերեն լեզուներով։
Հանդիպման ավարտին քննարկվեց նաև 2023 թվականի միջոցառումների նախնական պլանը և հիդրոերկրաբանության ոլորտում տեխնիկական հանդիպման կազմակերպման անհրաժեշտությունը՝ հայ-վրացական համապատասխան փորձագետների ներգրավածությամբ։