AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Արեգակնային ցիկլ

01/02/2023

Արեգակի նվազագույն ակտիվության մակարդակի աճը դեպի առավելագույն ակտիվության մակարդակ և նորից հետ դեպի նվազագույն մակարդակ կոչվում է Արեգակնային ցիկլ։
Այն կապված է արևաբծերի առաջացման հաճախության, ակտիվության և նրանց տևողության հետ։ Մեկ ցիկլը տևում է շուրջ 11 տարի։
Նվազագույն ակտիվության ժամանակահատվածներում արևաբծերը շատ քիչ են, իսկ առավելագույն ակտիվության ժամանակ կարող է դիտվել մի քանի հարյուր բիծ։ Յուրաքանչյուր ցիկլի վերջում Արեգակի մագնիսական դաշտի բևեռացումը փոխվում է և շրջվում հակառակ դիրքով։ Դա նշանակում է, որ հյուսիսային մագնիսական բևեռն իր տեղը զիջում է հարավայինին և հակառակը։

Արեգակնային ակտիվության ցիկլը տևում է մոտ 11 տարի, սակայն լինում են նաև 9-14 տարի տևողությամբ ցիկլեր։ Դրանց միջին տևողությունը նույնպես փոխվում է դարերի ընթացքում։ 20-րդ դարում միջին ցիկլի տևողությունը կազմել է 10.2 տարի։ Նախկինում ցիկլի սկիզբը համարվում էր այն պահը, երբ արեգակնային գործունեությունը նվազագույնի սահմաններում էր։
Ժամանակակից չափման մեթոդների շնորհիվ, հնարավոր եղավ պարզել Արեգակի մագնիսական դաշտի բևեռացման փոփոխությունը, հետևաբար ցիկլի սկիզբ համարվում է դաշտի բևեռացումը փոխելու պահը։ Ներկայումս գտնվում ենք Արեգակնային 25-րդ ցիկլում, որը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերին։ Ըստ կանխատեսումների, այն իր ակտիվության գագաթնակետին կհասնի 2025 թվականին։
Անցած ցիկլերի համեմատ, այս ցիկլը բավականաչափ հանգիստ է, սակայն ամեն վայրկյան կարող է անկանխատեսելիորեն փոխվել։ Ամենաբարձր ակտիվության ժամանակաշրջաններում մեծանում է նաև այնպիսի արտանետումների և երևույթների թիվը, որոնք կարող են մեծ ազդեցություններ թողնել երկրագնդի վրա և էականորեն փոփոխել տիեզերական եղանակը։ Դրանցից են՝ պսակի զանգվածային արտանետումները, ինտենսիվ արևային բռնկումները, արևային քամու մեջ պարունակող էլեկտրոնների քանակի աճը և Արեգակին բնորոշ այլ պրոցեսներ։ Սրանք բոլորը գեոմագնիսական դաշտի բնականոն ընթացքը խաթարող պրոցեսներ են և զուգահեռաբար ազդում են բնակչության առողջության վրա։