AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը մասնակցել է «Վտանգավոր եղանակային երևույթների հետաքննման և աղետների հետևանքով առաջացած կորուստների և վնասների տեխնիկական փորձագիտական ֆորում»-ին

08/12/2022

Միջոցառումը կազմակերպվել էր Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի կողմից։ Տեխնիկական ֆորումին մասնակցել են ավելի քան 100 փորձագետներ մոտ 40 երկրներից և 50 միջազգային կազմակերպություններից: Միջոցառման նպատակն էր՝ քննարկել տարբեր գործակալությունների և հաստատությունների կողմից աղետների վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության և կիրառման, աղետների հետևանքով առաջացած կորուստների տվյալների հավաքագրման հարցերը, բացահայտել տվյալների հավաքագրման և վերլուծության խնդիրները՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև աղետների ռիսկի նվազեցման համար տվյալների փոխանակման և դրանց թվայնացման մակարդակի բարձրացման հետ կապված հարցեր՝ հաջորդ սերնդին աղետների հետևանքով առաջացած կորուստների և վնասների վերաբերյալ տվյալների բազան հասանելի դարձնելու նպատակով։
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը՝ ներկայացնելով վտանգավոր եղանակային երևույթների վերաբերյալ տվյալների հավաքագրման և վերլուծության խնդիրները, հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի ազգային ծառայությունների բարելավման հեռանկարները:

Հանդիպման ավարտին մասնակիցները համաձայնեցին, որ գոյություն ունեցող համակարգերի հիման վրա (ինչպիսին է օրինակ Desenventar-ը, որը գործում է 1994 թվականից) հաջորդ սերնդի՝ վտանգավոր եղանակային երևույթների և աղետների հետևանքով առաջացած կորուստների և վնասների հետաքննման համակարգի մշակումը հրատապ անհրաժեշտություն է։ Զարգացման ճանապարհային քարտեզը կներառի վեց տարածաշրջանային «մեկնարկային» հանդիպումներ, որոնք հաջորդ տարի կկազմակերպվեն ՀՕԿ-ի կողմից՝ ՄԱԶԾ-ի և ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի հետ համագործակցությամբ՝ միավորելով Աղետների կառավարման ազգային գրասենյակներին և Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայություններին։ ՄԱԿ-ի երեք գործակալություններ միասին աշխատում են աղետների ազդեցության հետաքննման նոր համակարգ ստեղծելու ուղղությամբ՝ ըստ գլոբալ կորուստների և վնասների հիմնադրամի վերաբերյալ COP27 համաձայնագրի՝ ի աջակցություն զարգացող երկրների, որոնք առավելագույնս խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ: ՄԱԶԾ-ն, ՀՕԿ-ը և ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը պարտավորվեցին խորհրդատվական գործընթաց իրականացնել, որի արդյունքում նոր համակարգը կգործի հաջորդ տարի՝ 2023 թվականի ապրիլից: