AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Միասին հաղթահարենք երաշտը

17/06/2022

«Միասին հաղթահարենք երաշտը»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը։ 1994թ.-ին ՄԱԿ-ը հունիսի 17-ը հռչակեց որպես Անապատացման դեմ պայքարի միջազգային օր՝ երաշտի սպառնալիքների և հետևանքների իրազեկությունը բարձրացնելու նպատակով: Սակայն օրվա նպատակը ոչ միայն խնդիրների մասին քննարկումն է, այլ նաև լուծումների բացահայտումը: Երաշտն ամենավտանգավոր բնական աղետներից մեկն է, որը առաջացնում է շատ խնդիրներ:

Մարդկային գործունեության, հողերի սրված դեգրադացիայի և կլիմայի փոփոխության պատճառով երաշտներն աճում են մեծ ինտենսիվությամբ՝ ամբողջ աշխարհում: Մինչև 2050 թվականը երաշտը սպառնում է երկրագնդի բնակչության մոտավորապես 75%-ին։ Հազիվ թե որևէ երկիր պաշտպանված լինի երաշտից, բայց լրացուցիչ քայլեր ձեռնարկելու արդյունքում վնասը հնարավոր է մեղմել և նույնիսկ ողբերգությունը կանխել։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել խնդրի լուծմանը, օրինակ տանը ջրի պարզ խնայողությունը, կամ ջրի մաքրումը և վերօգտագործումը, ոչ միայն կանխում է մոլորակի աղտոտումը, այլև թույլ է տալիս խնայել ջուրն այնտեղ, որտեղ այն կենսական նշանակություն ունի՝ ստորգետնյա ջրատար հորիզոններում և հողի ներսում: Շատ կարևոր է նաև հողի առողջությունը։ Հողը լավ բերքի հիմքն է, ինչպես նաև ամբողջ էկոհամակարգն իր կենդանիներով և միկրոօրգանիզմներով։ Բացի այդ, այն բնականաբար պահպանում է խոնավությունը իր ներսում՝ կանխելով չորացումը, էրոզիան և ի վերջո՝ անապատացումը: Հողն անփոխարինելի բնական ռեսուրս է. նրա խելամիտ օգտագործումից և պահպանումից է կախված մեր երկրի կայուն սոցիալ-տնտեսական և էկոլոգիական զարգացումը: Հայաստանի Հանրապետությունն Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ է:​