AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Միջազգային գիտական սեմինար՝ «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու կառավարումը լեռնային և նախալեռնային տարածքներում»

17/06/2022

Հունիսի 15-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն առցանց ձևաչափով Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարանի հետ համատեղ, ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի (ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ՀՀՌՀ - 2020) գիտական հետազոտությունների համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպել էր միջազգային գիտական սեմինար՝ «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու կառավարումը լեռնային և նախալեռնային տարածքներում» («Эффективное использование и управление водными ресурсами горных и предгорных территорий») թեմայով: ​

Սեմինարին մասնակցում էին Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարանի, Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարանի հիդրոլոգիայի և օվկիանոսագիտության ինստիտուտի, Ռոսհիդրոմետի պետական ​​հիդրոլոգիական ինստիտուտի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի ներկայացուցիչներ։ Սեմինարի գլխավոր նպատակն էր քննարկել գարնանային վարարումների ընթացքում հոսքի կանխատեսման մեթոդները, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման հիմնախնդիրները լեռնային և կիսալեռնային երկրներում: ​Գիտական սեմինարի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը՝ մասնավորապես նշելով, որ ջուրը կենսական և կարևոր նշանակություն ունի կայուն զարգացման, սոցիալ-տնտեսական զարգացման, էներգիայի և սննդի արտադրության, առողջ էկոհամակարգերի, կլիմայի փոփոխության հարմարվողականության համար՝ հանդիսանալով կարևոր կապող օղակ հասարակության և շրջակա միջավայրի միջև։ Լ․ Ազիզյանն այս համատեքստում կարևորեց ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու կառավարումը, քանզի ջրային ռեսուրսներն ունեն կարևոր ռազմավարական նշանակություն։ Գիտական սեմինարի ընթացքում ներկայացվել են զեկույցներ այնպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են հիդրոլոգիական կանխատեսումները, կանխատեսման ժամանակակից մեթոդները, լեռնային և կիսալեռնային տարածքներում գետերի հոսքի ձևավորման պայմանները, ջրային ռեսուրսների մոնիթորինգի և կառավարման հիմնախնդիրները և այլն։ Սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև լեռնային և կիսալեռնային երկրների ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, պահպանման և կառավարման հարցերին։ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ից զեկուցումներով հանդես եկան Հիդրոլոգիայի ծառայության հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Ամալյա Միսակյանը, Հիդրոգրաֆիայի, հիդրոմորֆոլոգիայի և հիդրոմետրիայի բաժնի առաջին կարգի մասնագետ Վարդուհի Մարգարյանը և Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության մակերևութային ջրերի որակի դաշտային հետազոտությունների և նմուշառումների բաժնի առաջատար մասնագետ Գոռ Խաչատրյանը։