AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Միայն մեկ Երկիր»․ այս կարգախոսով այսօր նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը

06/06/2022

50 տարի առաջ այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարել է Շրջակա միջավայրի համաշխարհային օր, որն էլ դարձել է միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից և ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրներում: 
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր որոշման մեջ կոչ է արել պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը: 
Այս օրվա ամսաթիվն ընտրվել է ի նշանավորումն Ստոկհոլմի հանձնաժողովի՝ շրջակա միջավայրի պահպանման խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների մեկնարկի: Մարդկային քաղաքակրթության ժամանակակից տեխնիկական զարգացումը ներկա դրությամբ հանգեցրել է շրջակա միջավայրի զգալի աղտոտվածությանը: Մարդու ամենօրյա տնտեսական (հանքեր, անտառհատումներ, անտառային հրդեհներ և այլն) և զինվորական (զենքերի փորձարկումներ, պատերազմներ և այլն) գործունեությունը բնական միջավայրին վնաս է հասցնում: 
Ինչու՞ է այս տարվա Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կարգախոսը «Միայն մեկ երկիր», քանի որ շատ ժամանակ մոռանում ենք, որ տիեզերքում կան միլիարդավոր գալակտիկաներ, մեր գալակտիկայում՝ միլիարդավոր մոլորակներ, բայց կա միայն մեկ Երկիր: 
Այս օրը նպատակ ունի յուրաքանչյուր մարդու մեջ արթնացնել շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն: Անհրաժեշտ է աշխարհի ժողովուրդներին հնարավորություն ընձեռել ակտիվորեն նպաստելու կայուն և արդարացի զարգացմանը, նպաստել այն ընկալմանը, որ բնապահպանական հարցերի հանդեպ մոտեցումների փոփոխության հիմնական շարժիչ ուժը մենք ինքներս ենք։