AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԼԵՎՈՆ ԱԶԻԶՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

23/03/2022

Հարգելի՛ օդերևութաբաններ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
Ինչպես գիտենք, ամեն տարի մարտի 23-ը նշվում է որպես Օդերևութաբանության համաշխարհային օր: 1992թ.-ին Հայաստանի Հանրապետությունն անդամակցելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանը, իր ակտիվ մասնակցությունն է ունենում տոնի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետությունում մարտի 23-ը նշվում է որպես «ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԻ օր»:
Յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է հատուկ կարգախոսով՝ որոշում կայացնողների և բնակչության ուշադրությունը հրավիրելով այս բնագավառում կարևորագույն նշանակություն որնեցող և հրատապ լուծումներ պահանջող որևէ թեմայի վրա: 2022թ. օդերևութաբանության համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «ՎԱՂ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՎ ՎԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»։
Կլիմայի փոփոխության արդյունքում ամբողջ աշխարհում վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթները գնալով ավելի հաճախակի և ինտենսիվ են դառնում: Օրեցօր մեծանում է վտանգավոր երևույթներից տուժող մարդկանց թիվը. այդ երևույթներն արդյունք են ինչպես բնակչության աճի, այնպես էլ ուրբանիզացիայի և շրջակա միջավայրի դեգրադացիայի:
Այլևս միայն բավարար չէ կանխատեսել, թե ինչպիսին կլինի եղանակը: Մարդկանց կյանքը և ունեցվածքը պաշտպանելու առումով շատ ավելի կարևոր են կանխարգելման միջոցները և հարմարվողականության միջոցառումների իրականացումը։ Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման տեսանկյունից վաղ նախազգուշացման արդիական համակարգերի ներդնումը կլիմայի փոփոխության հարմարվողականության զարգացման հզոր միջոցներից է։
Միայն բարձր պատրաստվածության շնորհիվ կարելի է փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր և պաշտպանել վերջիններիս սեփականությունը: Ուստի, այս տարվա կարգախոսը մեկ անգամ ևս ընդգծում է հիդրոօդերևութաբանական տեղեկատվության և կանխատեսումների դերը աղետների ռիսկի նվազեցման գործում և կարևորում այն հիմնարար աշխատանքները, որոնք միտված են վաղ նախազգուշացման արդյունքում վաղ գործողությունների իրականացմանը։
Մեր օդերևութաբանների ամենօրյա անձնվեր աշխատանքի շնորհիվ Հանրապետության ղեկավար մարմինները, ազգաբնակչությունը, ավիացիան, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի բնագավառների տնտեսվարող սուբյեկտները և այլ շահագրգիռ կազմակերպություններ իրազեկվում են հիդրոօդերևութաբանական երևութների վերաբերյալ փաստացի և սպասվող փոփոխությունների, ինչպես նաև հնարավոր հետևանքների մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ։
Հարգելի՛ օդերևութաբաններ,
Օգտվելով առիթից մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ օդերևութաբանի մասնգիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ և Ձեր ընտանիքներին քաջառողջություն, բարօրություն և խաղաղություն։