AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2012 թվականին ՄԱԿ-ը մարտի 21-ը հռչակեց Անտառների միջազգային օր, որի նպատակն էր բարձրացնելու իրազեկվածությունը անտառների կարևորության մասին

21/03/2022

Բացահայտենք 10 փաստ անտառների մասին 
 
1. Անտառներում հանդիպում են ցամաքային կենդանիների և բույսերի ավելի քան 80%-ը։ Դրանք զբաղեցնում են աշխարհի ընդհանուր տարածքի 31%-ը: Աշխարհի շուրջ 1,6 միլիարդ մարդ իր ապրուստի և ամենօրյա կարիքների համար օգտվում է անտառներից: 
 
2․ Մեկ ծառը տարեկան կարող է կլանել մինչև 150 կիլոգրամ ածխաթթու գազ։ Աշխարհի անտառները մոտ 296 գիգատոն ածխածին են պահում ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա կենսազանգվածում: Պատկերացրեք՝ Եվրոպայի 400 միլիարդ ծառերը ներկայումս կլանում են մայրցամաքի ջերմոցային գազերի արտանետումների գրեթե 9%-ը: 
 
3․ Ծառերը կարևոր են քաղաքներում կայուն էկոհամակարգ ստեղծելու համար. քաղաքային բնակավայրերում դրանք կարող են օդի ջերմաստիճանն ամռանը իջեցնել մինչև 8 աստիճանով՝ նվազեցնելով օդորակման կարիքները 30%-ով: Քաղաքային ծառերը նաև հիանալի օդի զտիչներ են, որոնք հեռացնում են վնասակար աղտոտիչները և մանր մասնիկները: 
 
4․ Վառելափայտը ապահովում է այսօրվա համաշխարհային վերականգնվող էներգիայի մատակարարման 40%-ը` այնքան, որքան արևային, հիդրոէլեկտրական և քամու էներգիան միասին վերցրած: 
 
5. Անտառային արտադրանքը նպաստում է աղտոտող և ածխածնային ինտենսիվ նյութերի նվազեցմանը և փոխարինմանը: Տեքստիլի արտադրության մեջ օգտագործվող փայտի վրա հիմնված սերտիֆիկացված մանրաթելերը (օրինակ՝ Lyocell-ը) շատ ռեսուրսարդյունավետ են: Համեմատության համար՝ բամբակը միջինում 130 անգամ ավելի շատ ջուր է պահանջում, իսկ պոլիեսթերը միջինը 170 անգամ ավելի շատ ջերմոցային գազեր է արտանետում: 
 
6. Շինարարության համար փայտի օգտագործումը խնայում է ածխածնի արտանետումների մոտ 40%-ը՝ համեմատած բետոնի, և մոտ 30%-ը՝ պողպատի համեմատ: Ընդհանուր առմամբ, ածխաթթու գազի համաշխարհային արտանետումները կարող են կրճատվել մինչև 31%-ով, եթե շինարարները փայտ օգտագործեն պողպատի և բետոնի փոխարեն: 
 
7. Մեր օգտագործած դեղամիջոցների ավելի քան 25%-ը ստանում են արևադարձային անտառներում աճող բույսերից: Այնուամենայնիվ, արևադարձային անտառների բույսերի միայն 1%-ն է ուսումնասիրվել բուժիչ հատկությունների վերհանման նպատակով: 
 
8․Աշխարհի ամենամեծ քաղաքների ավելի քան մեկ երրորդը, ներառյալ Նյու Յորքը, Բոգոտան, Տոկիոն և Բարսելոնան, իրենց բարձրորակ խմելու ջրի զգալի մասը ստանում են ջրապաշտպան անտառներից: 
 
9․ Աշխարհի ամենաբարձր ծառը կոչվում է Հիպերիոն: Դա Կալիֆորնիայի ափամերձ սեքվոյան է, որն ունի 115,61 մետր բարձրություն: Ծավալով աշխարհում ամենամեծ ծառը հսկա սեքվոյան է, որը կոչվում է Գեներալ Շերման, որն ունի 10 մետր բնի տրամագիծ և պարունակում է մոտ 1486 խորանարդ մետր փայտ: 
 
10․ Հասուն կաղնու ծառը կարող է տարեկան կուտակել 151․000 լիտր ջուր: Միջին հաշվով, ցամաքի վրա տեղումների 40%-ը առաջանում է բույսերի կողմից ջրի գոլորշիացումից: Որոշ շրջաններում այդ ցուցանիշը ավելի մեծ է։ Օրինակ, Ռիո դե լա Պլատա գետի ավազանում տեղումների ավելի քան 70%-ն առաջանում է Ամազոնի անտառների կլանած ջրի գոլորշիացումից: