AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օզոնային շերտի պահպանության միջազգային օրն Ամբերդի օդերևութաբանական կայանում

17/09/2021

Սեպտեմբերի 16-ին` Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ, ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը Պետական ճգնաժամային կառավարման ակադեմիայի 1-ին կուրսի ուսանողների համար կազմակերպեց ճանաչողական այց Ամբերդի օդերևութաբանական կայան։

Այցելության ընթացքում մասնակիցներն իրազեկվեցին համաշխարհային բնապահպանական հիմնախնդիրների, մասնավորապես՝ օզոնային շերտի քայքայման, դրա պատճառների, դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության և Հայաստանի կողմից կատարվող գործողությունների վերաբերյալ։ Մասնակիցները ծանոթանալով Հայաստանում օզոնային շերտի մշտադիտարկման գործընթացին, օդի, հողի ջերմաստիճանների, տեղումների քանակության, մթնոլորտի խոնավության չափիչ սարքավորումներին` ստացան պրակտիկ գիտելիքներ։
Ամբերդի օդերևութաբանական կայանի աշխատակիցները մասնակիցների ներկայությամբ կատարեցին օզոնաչափական դիտարկում՝ տարածաշրջանում միակը հանդիսացող Դոբսոնի սպեկտոֆոտոմետրի միջոցով։ Մասնակիցներին հնարավորություն տրվեց ոչ միայն դիտելու, այլ մասնակցելու չափումների գործընթացին։

Օզոնը (O3) եռատոմ մոլեկուլ է, որը բաղկացած է թթվածնի երեք ատոմից։ Օզոնի մոլեկուլները մթնոլորտում բաշխվում են հիմնականում երկրի մակերևույթից մինչև 50 կմ բարձրության վրա։ Մթնոլորտային օզոնի մի չնչին մասն է (մոտ 10%) գտնվում ներքնոլորտում, նրա հիմնական զանգվածը գտնվում է վերնոլորտում, որի հիմնական մասը կենտրոնացված է երկրի մակերևույթից 20-30 կմ բարձրության վրա և պայմանականորեն կոչվում է «օզոնային շերտ»։ Այն բացառիկ դեր ունի երկրի վրա կյանքի գոյության համար, որը կլանում է Արեգակից դեպի երկիր եկող ուլտրամանուշակագույն վտանգավոր ճառագայթների զգալի մասը և մարդկանց, կենդանիներին ու բույսերին պաշտպանում է դրանց բացասական ազդեցություններից։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները մարդկանց մոտ կարող են առաջացնել մաշկի քաղցկեղ, աչքի կատարակտ, թուլացնել իմունային համակարգը։ Դրանք վտանգավոր են նաև թե′ բուսական, թե′ կենդանական աշխարհի համար։