AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այսօր օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է

16/09/2021


Օզոնային շերտը, որը պաշտպանում է մեզ արևի ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթներից, գտնվում է վերնոլորտում։ Նկատի ունենալով դրա կարևորությունը 1987 թվականին այս օրը ստորագրվեց Մոնրեալի արձանագրությունը՝ որպես համամոլորակային խնդրի համամոլորակային անդրադարձի միջոց։
Հայաստանում օզոնոմետրական դիտարկումներն իրականացվում են Ամբերդի դժվարամատչելի օդերևութաբանական կայանում Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով` օրվա ցերեկային ժամերին պարզ   երկնքի դեպքում` 3 - 5 անգամ:
Ամբերդի օդերևութաբանական կայանից ստացված դիտանյութերի արդյունքները սահմանված կարգով մշակվում և ուղարկվում են ՀՕԿ-ի Օզոնային և ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն (WOUDC): Կատարվում է Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրի ամենամսյա լամպային թեստավորման արդյունքների մշակում և օզոնի ընդհանուր պարունակության տվյալների վերահաշվարկ։ Ստացված տվյալների հիման վրա կատարվում է համակարգչային բանկի լրացում:
Հայաստանի տարածքում կատարվում է նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության մոնիթորինգ:
Իրականացվում է Հայաստանի մարզերի  ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսների տվյալ և հաջորդ օրերի համար կանխատեսումների հաշվարկ։ Կանխատեսման համար օգտագործվում են Կանադայի շրջակա միջավայրի արբանյակային օզոնի ընդհանուր պարունակության, երկրագնդի հյուսիսային կիսագնդի հաշվարկային քարտեզագրված տվյալները պարզ երկնքի դեպքում, որոնք ենթարկվում են հետագա մշակման՝ հաշվի առնելով ընդհանուր ամպամածության կանխատեսումները և պայմանական հաստատուն բնութագրիչները՝ տեղանքի բարձրություն, հորիզոնի փակվածություն՝ ըստ մարզերի։ Օզոնային շերտի վիճակով պայմանավորված` ուլտրամանուշակագույն ճառագայթման  (ՈՒՄՃ-ն) մակարդակները դասակարգվում են հետևյալ կերպ․

  • բարենպաստ մակարդակ՝ ՈՒՄՃ ինդեքսի մինչև 6 արժեքով,
  • անբարենպաստ մակարդակ՝ ՈՒՄՃ ինդեքսի 6  և 7 արժեքներով,
  • վտանգավոր մակարդակ՝ ՈՒՄՃ ինդեքսի 8 - 10 արժեքներով,
  • արտակարգ բարձր՝ ՈՒՄՃ ինդեքսի 11  և ավելի բարձր արժեքներով։

ՈՒՄՃ ինդեքսների 6 և ավելի բարձր արժեքները կանխատեսելու դեպքում  տրվում է նախազգուշացում (խուսափել արևի ուղիղ ճառագայթներից 11։00-17։00 ընկած ժամանակահատվածում)։