AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատաժողովը

04/06/2021


Հունիսի 3-ին տեղի ունեցավ «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատաժողովը։
Ծրագիրը մեկնարկել է 2019թ․ հուլիսից և իրականացվում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ։
Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՇՄ նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող տիկին Աննա Մազմանյանը և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ պարոն Լևոն Ազիզյանը։
Տիկին Ա․ Մազմանյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրին՝ Ծրագրի ֆինանսավորման համար։
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես տարբեր գերատեսչություններից, այնպես էլ գիտական շրջանակներից։
Հայաստանի Հանրապետությունը Մինամատայի կոնվենցիան վավերացրել է 2017 թվականին։ Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից: Սնդիկը, հանդիսանալով վտանգավոր քիմիական նյութ, իր մթնոլորտային հեռահար շարժի, էկոհամակարգերում կենսակուտակման ունակության և մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա լուրջ բացասական ազդեցության պատճառով այսօր հանդիսանում է համաշխարհային մտահոգության առարկա՝ այսպիսով կառավարություններին պարտադրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ։ Սնդիկը բարձր թունունակ է հատկապես նյարդային համակարգի համար:
Ամբողջ աշխարհում այն դեռ շարունակվում է օգտագործվել շատ ապրանքներում և ոլորտներում, օրինակ` մանոմետրերում և ջերմաչափերում, էլեկտրական անջատիչներում և ռելեներում, լամպերի որոշ տեսակներում, ատամնալիցքի սնդկազոդքում, սպիտակեցնող կրեմներում, դեղագործական պատրաստուկներում, կուտակիչների և վինիլքլորիդմոնոմերի արտադրության մեջ, ինչպես նաև ոսկու արդյունահանման և մշակման ժամանակ:
Ծրագրի ազգային համակարգող, «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը ներկայացրեց «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կողմից իրականացված ՀՀ վաճառասրահներում տարբեր տեսակի լամպերի առկայության վերաբերյալ հետազոտության արդյունքները, ՀՀ-ում առկա կենցաղային լամպերի տեսակները, աշխատանքի սկզբունքը, առավելություններն ու թերությունները, ինչպես նաև այն անհրաժեշտ գործողությունները, որոնք պետք է իրականացնել լյումինիսցենտային լամպերի կոտրվելու դեպքում։
Իր ելույթում «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանը կարևորեց իրազեկման բարձրացման նպատակով կազմակերպվող նմանատիպ դասընթացների կազմակերպումը, քանզի վերջիններիս անցկացումը ինքնանպատակ չէ, և հույս հայտնեց, որ մասնակիցներն իրենց ձեռք բերած գիտելիքներով և տեղեկատվությամբ կկիսվեն նաև իրենց ընտանիքի անդամների, ընկերների հետ՝ այսպիսով բարձրացնելով նաև վերջիններիս իրազեկվածության մակարդակը։