AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2025 թվականի օգոստոսի 14-15-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացավ Հարավային Կովկասում հիդրոօդերևութաբանական տվյալների տարածաշրջանային փոխանակման վերաբերյալ հանդիպումը

20/08/2025

2025 թվականի օգոստոսի 14-15-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության ներքո կայացավ Հարավային Կովկասում հիդրոօդերևութաբանական տվյալների տարածաշրջանային փոխանակման վերաբերյալ հանդիպումը։

Միջոցառումը կազմակերպվել էր Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարության, Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի կողմից՝ օդերևութաբանական և հիդրոլոգիական տվյալների փոխանակման կոնկրետ եղանակներ քննարկելու համար։

Միջոցառման մասնակից երկրներն էին Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ղազախստանը։ Հայաստանից հանդիպմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ Հայհիդրոմետ) տնօրեն Լևոն Ազիզյանը, Հայհիդրոմետի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը և Հայհիդրոմետի Հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը։

 Երկօրյա հանդիպման հիմնական նպատակը ներառում էր հետևյալ 3 կարևոր կետերը՝

  1. Քննարկել վաղ նախազգուշացման ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու հնարավորությունները:
  2. Ուսումնասիրել տարածաշրջանային օդերևութաբանական և հիդրոլոգիական տվյալների փոխանակման հարցերը:
  3. Ուսումնասիրել տարածաշրջանային մակարդակով տվյալների փոխանակման և վաղ նախազգուշացման ոլորտում փորձը տարբեր կառույցների օրինակով, ինչպես օրինակ Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի, Ֆինլանդիայի շրջակա միջավայրի ինստիտուտի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO), ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE):

Հանդիպումն անցկացվեց Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտում և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունում։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան տիկին Կիրստի Նարինեն՝ կարևորելով տարածաշրջանային մակարդակով համագործակցությունը հիդրոօդերևութաբանության ոլորտում։

Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի փորձագիտական ծառայությունների տնօրեն Հարի Փիեթարիլան ողջունեց հյուրերին և ներկայացրեց տարածաշրջանում իրականացված և ընթացիկ ծրագրերը, հետագա նախատեսվող քայլերն, ընդգծելով ֆիննական կողմի հիդրոօդերևութաբանության ոլորտում ունեցած ձեռքբերումներն ու պատրաստակամությունը` Հարավային Կովկասի երկրկրների և Ղազախստանի հետ փորձի փոխանակման տեսանկյունից։

Բացման նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև մասնակից երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի, պատվիրակությունների ղեկավարները։ Հայաստանի պատվիրակության ղեկավար պարոն Լևոն Ազիզյանը ողջունելով հյուրերին նշեց, որ մեծ պատիվ է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հայհիդրոմետ ՊՈԱԿ-ի անունից, ողջունել մասնակիցներին վաղ նախազգուշացման համակարգերի զարգացմանը նվիրված այս կարևոր հանդիպմանը, շնորհակալություն հայտնելով Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությանը, Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտին և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային գրասենյակին՝ այս երկխոսության կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար։ Հիդրոօդերևութաբանական և կլիմայական ռիսկերը և դրանց ազդեցությունների մեղմումը պահանջում են համատեղ գործողություններ, ընդհանուր լուծումներ և համակարգված մեխանիզմներ։ Հայաստանի համար վաղ նախազգուշացման համակարգերի ամրապնդումը ազգային առաջնահերթություն է և լիովին համահունչ է «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» (EW4ALL) նախաձեռնությանը: Հայաստանը սահմանել է կոնկրետ նպատակներ ինտեգրվելու Հարավարևելյան Եվրոպայի բազմավտանգ վաղ նախազգուշացման համակարգին (SEE-MHEWS), մշակելու՝ վաղ նախազգուշացման համակարգի կատարելագործման ազգային ճանապարհային քարտեզ՝ հիմնված համապարփակ բացերի վերլուծության վրա՝ ՀՕԿ-ի, UNDRR-ի, UNESCAP-ի և այլ գործընկերների աջակցությամբ։

Պարոն Ազիզյանը նշեց նաև, որ տարածաշրջանային համագործակցությունը պետք է զարգանա ավելի լայն աշխարհագրական ձևաչափով՝ ընդգրկելով Արևելյան Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան։ Համատեղ ջանքերով, ՀՕԿ-ի, նրա տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ և Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի ակտիվ համագործակցությամբ և գիտելիքների փոխանակմամբ, հնարավոր կլինի ստեղծել ավելի ուժեղ, ժամանակակից և փոխկապակցված վաղ նախազգուշացման համակարգ, որը արդյունավետորեն կծառայի մեր երկրներին և հանրությանը։

Հանդիպման արդյունքում վեր հանվեցին տարածաշրջանային մակարդակով հիդրոօդերևութաբանական տվյալների փոխանակման խնդիրների, մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ հարցերը, որը հիմք կհանդիսանա հետագայում քննարկումների և արդյունավետ լուծումներ գտնելու համար։

 Հանդիպման ընթացքում անցկացվեց նաև ճանաչողական այց Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտում։ Ներկայացվեցին ինստիտուտի հիդրոօդերևութաբանական ծառայությունների գործունեությունը և նախազգուշացումների տրամադրման ընթացակարգը։

Հայհիդրոմետ ՊՈԱԿ-ը և Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտը համաձայնության են եկել ընդլայնել համագործակցությունը հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի ծառայությունների բարելավման ոլորտում և մշակել ու համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո կնքել համագործակցության հուշագիր։