16/07/2025
2025 թվականի հունիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․4 °C, որը նորմայի սահմաններում էր։ Տեղումների ամսական քանակը՝ 44 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 70 %-ը։
Հայաստանի շրջանների մեծ մասում տեղումների քանակը ցածր էր նորմայից, սակայն առավել չորային պայմաններ դիտվեցին Արարատյան դաշտում և Երևանում։ Այստեղ գտնվող օդերևութաբանական կայանների մեծ մասում գրանցված ամսական տեղումների քանակը չգերազանցեց 3 մմ-ը, որը կազմում է հունիս ամսվա նորմայի ընդամենը 3-10 %-ը։
Հունիսի 14-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Արենիում հասավ 36․7 °C-ի, իսկ Արարատում մինչև 35․5 °C։ Հունիս ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիվել է ամսի 5-ին Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում՝ -1․8 °C։
Ուժեղ քամի և փոթորիկ դիտվեց Ապարանում՝ հունիսի 15-ին, որի ընթացքում քամու ուժգնությոնը հասավ մինչև 39 մ/վ-ի։ Ուժեղ քամին ավերածություններ հասցրեց՝ պոկելով բազմաթիվ շենքերի և սեփական տների տանիքներ, կոտրելով ծառեր և էլեկտրական սյուներ։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հունիսը դիտվել է 2021 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 17․6 °C, իսկ ամենացուրտը՝ 1967 թվականին՝ 11․2 °C միջին ամսական ջերմաստիճանով։
Ամենախոնավ հունիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 118․1 մմ, իսկ ամենաչորը՝ 2021 թվականին՝ 19․3 մմ տեղումների քանակով։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հունիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․6 °C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 27 մմ-ով։