AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Տեխասի հանկարծահաս ջրհեղեղները բացահայտեցին վտանգավոր երևույթների նախազգուշացման կարևորությունը

10/07/2025

Հուլիսի սկզբին ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղի ունեցած ջրհեղեղները մեկ անգամ ևս ընդգծեցին բնական աղետի սպառնալիքները և վաղ նախազգուշացումների անհրաժեշտությունը։ Մի քանի ժամվա ընթացքում տեղացած հորդառատ տեղումները ողողեցին տարածքը՝ պատճառ դառնալով ավելի քան 100 մարդու մահվան, այդ թվում՝ բազմաթիվ երեխաների, որոնք հանգստանում էին ամառային ճամբարներում։ Տասնյակ մարդիկ շարունակում են անհետ կորած համարվել։
Հանկարծահաս ջրհեղեղները համարվում են աշխարհի ամենամահաբեր բնական աղետներից՝ տարեկան խլելով ավելի քան 5,000 կյանք։ Այս տիպի ջրհեղեղներն ի հայտ են գալիս հանկարծակի՝ սովորաբար ինտենսիվ տեղումների հետևանքով, երբ ջրի մակարդակի բարձրացումը և հոսքի ուժգնությունը կարող են կործանիչ հետևանքներ ունենալ՝ հատկապես քաղաքային կամ լեռնային շրջաններում։
ԱՄՆ-ի Ազգային հիդրոմետ ծառայությունը մոտ 12 ժամ առաջ հրապարակել էր նախազգուշացնող հայտարարություն, որը մի քանի ժամ անց վերածվեց ջրհեղեղի մասին զգուշացման։ Այնուամենայնիվ, այս նախազգուշացումները հաղորդվել էին գիշերային ժամերին, երբ մարդիկ քնած էին։ Բացի այդ, տեղում ազդարարող համակարգեր չէին գործում։ Գվադալուպե գետի մակարդակը բարձրացավ մոտ 8 մետրով՝ ընդամենը 45 րոպեում՝ ողողելով շրջակա տարածքը առավոտյան ժամը 4։00-ի սահմաններում։
Ջրհեղեղի պատճառը եղավ մեքսիկական արևադարձային փոթորիկի բերած խոնավ օդային զանգվածները, որը հանգեցրեց 250-ից 460 միլիմետր տեղումների քանակի՝ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Տարածքի լանջային և քարքարոտ մակերեսը գրեթե չէր կլանում ջուրը՝ նպաստելով մակերևույթային հոսքի գոյացմանը։
Հանկարծահաս ջրհեղեղների հաճախականությունն ու ինտենսիվությունն ավելանում են կլիմայի փոփոխության, քաղաքաշինության և հողօգտագործման աճող տեմպերի հետևանքով։ Ըստ գնահատականների՝ հանկարծահաս ջրհեղեղները տարեկան պատճառում են շուրջ 50 միլիարդ ԱՄՆ դոլարի տնտեսական վնաս։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ մոտ 1.81 միլիարդ մարդ՝ աշխարհի բնակչության 23 տոկոսը, յուրաքանչյուր 100 տարին մեկ ենթարկվում է հնարավոր ջրհեղեղների վտանգին։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) աջակցում է երկրներին հանկարծահաս ջրհեղեղների կանխատեսման և նախազգուշացման հարցերում։ Ավելի քան 70 երկրում ներդրվել է «Հանկարծահաս ջրհեղեղների կանխատեսման համակարգը»։ Այն համադրում է արբանյակային տեղումների տվյալները, ռադարային ինֆորմացիան և բարձր լուծաչափի եղանակի կանխատեսման թվային մոդելների տվյալները՝ թույլ տալով կանխատեսողներին հայտնաբերել հնարավոր սպառնալիքները։