AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հյուրընկալեց Ռոսհիդրոմետ պատվիրակությանը

08/07/2025

2025 թվականի հուլիսի 1-4-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը («Հայհիդրոմետ» ՊՈԱԿ) հյուրընկալեց Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայության» (Ռոսհիդրոմետ) պատվիրակությանը։

Ռոսհիդրոմետի ղեկավար Իգոր Շումակովի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրծված էին «Ա.Ի. Վոեյկովի անվան գլխավոր երկրաֆիզիկական աստղադիտարան» դաշնային պետական բյուջետային հաստատության տնօրեն Վլադիմիր Կատցովը, «Թայֆուն» գիտական և արտադրական միավորում» դաշնային պետական բյուջետային հաստատության տնօրեն Վալերի Կոսիխը, «ՌԴ հիդրոօդերևութաբանական հետազոտությունների կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության տնօրեն Սերգեյ Բորշը և տնօրենի տեղակալ Դմիտրի Կիկտևը, «Հիդրոօդերևութաբանական տեղեկատվության համառուսաստանյան հետազոտական ինստիտուտ - Համաշխարհային տվյալների կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության տնօրեն Վլադիսլավ Շայմարդանովը, «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայության ավիացիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և օդերևութաբանական ծառայությունների գլխավոր կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության տնօրենի տեղակալ Վլադիմիր Ցուկանովը, «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայության բյուջետային քաղաքականության իրականացման և գործունեության աջակցության կենտրոն» դաշնային պետական հաստատության միջազգային գործունեության աջակցության բաժնի պետ Տատյանա Դմիտրիևան, Ռոսհիդրոմետի միջազգային համագործակցության և կլիմայի փոփոխության մոնիթորինգի բաժնի պետի պաշտոնակատար Անդրեյ Բարուխովը և Ռոսհիդրոմետի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Չերնովը։

Հանդիպմանը «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի պատվիրակության կազմում, կազմակերպության տնօրեն Լևոն Ազիզյանի ղեկավարությամբ, մասնակցում էին տնօրենի տեղակալ Էդգար Միսակյանը, տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը, կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանը, տեղեկատվական վերլուծության ծառայության պետ – գլխավոր վերլուծաբան Աննա Զատիկյանը, օդերևութաբանության ծառայության պետ Սոնա Հայրապետյանը, հեռահաղորդակցության և հիդրոօդերևութաբանական տվյալների կառավարման ծառայության պետ Գոհար Գևորգյանը, հիդրոօդերևութաբանական գործիքների և տեխնիկական միջոցների սպասարկման ծառայության պետ Արմեն Դպիրյանը, օդերևութաբանության ծառայության հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանը և գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Անի Մարգարյանը։

Լևոն Ազիզյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կառուցվածքը և հիմնական գործունեությունը։ Նա կարևորեց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Ռոսհիդրոմետի միջև ձևավորված երկարամյա գիտատեխնիկական համագործակցությունը, մասնավորապես՝ հիդրոօդերևութաբանական գործունեության զարգացման, կանխատեսումների և մասնագիտացված ծառայությունների բարելավման ուղղություններով։
Ռոսհիդրոմետի ղեկավար Իգոր Շումակովն իր երախտագիտությունը հայտնեց ՊՈԱԿ-ին՝ ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Նրա կողմից ներկայացվեց Ռոսհիդրոմետի հիմնական գործունեությունը։

Այնուհետև «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Ռոսհիդրոմետի ներկայացուցիչները համապատսխանաբար ներկայացրեցին իրենց ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև առաջարկություններ 2025-2027թթ. գիտատեխնիկական համագործակցության ծրագրում ներառելու համար։

Այցի ընթացքում Ռոսհիդրոմետի պատվիրակությունը այցելեց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Գեղամավան հիդրոլոգիական կայան և Սևանի հիդրոօդերևութաբանական դիտարան, ծանոթացավ Սևանա լճի մոնիթորինգի համակարգին՝ գիտահետազոտական նավակով:

Հուլիսի 3-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի և Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայության» ղեկավար Իգոր Շումակովի կողմից ստորագրվեց 2025-2027թթ. գիտատեխնիկական համագործակցության ծրագիրը։

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Ռոսհիդրոմետի միջև երկկողմ բանակցությունների ընթացքում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

  • Համատեղ աշխատանք՝ լեռնային տարածքներում եղանակի կանխատեսումների կատարելագործման ուղղությամբ՝ ներառյալ թվային մոդելավորումը և տվյալների վավերացումը,
  • Հայաստանի տարածքի համար «Օդերևութաբանական նախազգուշացումներ» համակարգի ներդրումը,
  • «ՌԵԿԻ-ՌԵԺԻՄ» և «Իվոլգա» նոր սերնդի համակարգերին միացումը,
  • Հայաստանի գետավազանների հիդրոլոգիական իրավիճակի մոնիթորինգի համար վեբ-GIS համակարգի ստեղծումը,
  • Ռոսհիդրոմետի աջակցությունը ՀՕԿ տեղեկատվական համակարգի 2.0 (WIS 2.0) ազգային կենտրոնի գործարկման հարցում,
  • կլիմայական ծառայությունների համատեղ զարգացում, ներառյալ սեզոնային կանխատեսումներն ու ագրոկլիմայական սպասարկումը,
  • հայ մասնագետների մասնագիտական վերապատրաստման հնարավորություն Ռոսհիդրոմետի որակավորման բարձրացման ինստիտուտում։

Հաջորդ պաշտոնական հանդիպումը նախատեսված է Ռուսաստանում` 2027 թվականին։