AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալություն» հանրային իրավունքի իրավաբանական անձի պատվիրակության այց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

27/06/2025

2025 թվականի հունիսի 24-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ այցելեցին Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալություն» հանրային իրավունքի իրավաբանական անձի (այսուհետ՝ NEA) պատվիրակությունը։
NEA-ի տնօրեն Ելենե Ղուբիանուրի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված էին հիդրոօդերևութաբանության վարչության պետ Ռամազ Չիտանավան, պետի տեղակալ Իրակլի Մեգրելիձեն, երկրաբանության վարչության պետ Մերաբ Գափրինդաշվիլին, շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիթորինգի վարչության պետ Մարինե Արաբիձեն, ռազմավարական զարգացման, միջազգային և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զուրաբ Կազալիկաշվիլին, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նատո Սուլուաշվիլին և միջազգային կապերի բաժնի պետ Իրակլի Ջեյրանաշվիլին։
Հանդիպմանը «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի պատվիրակության կազմում, կազմակերպության տնօրեն Լևոն Ազիզյանի ղեկավարությամբ, մասնակցում էին տնօրենի տեղակալներ Էդգար Միսակյանը, Գայանե Շահնազարյանը, տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը, օդերևութաբանության ծառայության պետ Սոնա Հայրապետյանը, կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանը, ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության պետ Հարություն Երեմյան, կենտրոնական լաբորատորիայի մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության պետ-ջրերի լաբորատորիայի վարիչ Լիանա Վարդումյանը և գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Անի Մարգարյանը։
Լևոն Ազիզյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կառուցվածքը և հիմնական գործունեությունը։ Նա առանձնահատուկ ընդգծեց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 30-ին վարչապետների կողմից ստորագրված 14-րդ նիստի արձանագրության շրջանակում ընդգծված պատրաստակամությունը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների խորացմանը։ 
Մասնավորապես, որ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցությանը նվիրված բաժնում հատուկ ընդգծվում է երկու կառավարությունների հետաքրքվածությունը համագործակցությունը խթանելու հարցում:
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալություն» հանրային իրավունքի իրավաբանական անձի տնօրեն Ելենե Ղուբիանուրին իր երախտագիտությունը հայտնեց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ին՝ ջերմ հյուրընկալության համար։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին NEA-ի կողմից իրականացվող ծրագրերն ու հիմնական գործունեության ուղղությունները։
Հանդիպման ընթացքում անցկացվեցին կառուցողական քննարկումներ համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ։
Քննարկումներից հետո ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալություն» հանրային իրավունքի իրավաբանական անձի տնօրեն Ելենե Ղուբիանուրի կողմից ստորագրվեցին փոխըմբռնման հուշագիր՝ հնգամյա ժամկետով, և համատեղ գործողությունների ծրագիր՝ եռամյա ժամկետով։ Այս փաստաթղթերը կնպաստեն երկու կազմակերպությունների միջև համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը՝ կարգավորելով կազմակերպությունների միջև փոխհարաբերությունները։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, շնորհավորելով ներկաներին ստորագրված փաստաթղթերի կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ դրանց դրույթների իրականացումը մոտ ապագայում կհանգեցնի շոշափելի արդյունքների։ Նա ընդգծեց ձեռք բերված պայմանավորվածությունների կարևոր դերը երկկողմ համագործակցության զարգացման և ամրապնդման գործում՝ մաղթելով արդյունավետ և փոխշահավետ գործընկերություն։
Այնուհետև պատվիրակության անդամները այցելեցին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա, որտեղ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ներկայացրեց լաբորատորիայի հիմնական գործառույթներն ու գործունեության ուղղությունները։
Պաշտոնական հատվածից հետո, մշակութային միջոցառման շրջանակներում, վրացական պատվիրակությունը ուղևորվեց «Մեգերյան կարպետ» գործարան՝ ծանոթանալու գորգագործության ավանդույթներին և թանգարանում ցուցադրված բացառիկ նմուշներին: