30/05/2025
Կլիմայի փոփոխությունը և ծայրահեղ եղանակային երևույթները վնասակար են մարդու առողջության համար: Այս առումով չափազանց կարևոր է կլիմայի և առողջության վերաբերյալ ծրագիրը, որը մշակվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կողմից:
«Կլիմա և առողջություն» ծրագիրը հիմք կհանդիսանա ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում առողջապահական որոշումների կայացման համար: Այն ներառում է այնպիսի լուծումներ, ինչպիսիք են առողջությանը սպառնացող ծայրահեղ եղանակային և կլիմայական պայմանների վերաբերյալ վաղ նախազգուշացումները և կանխատեսումները:
Կլիմայի փոփոխությունը բերել է սննդի և խմելու ջրի պակասին, փոխել է հիվանդությունների օրինաչափությունները, ավելացել է մահացությունը՝ ստեղծելով նոր մարտահրավերներ տեղահանված համայնքների համար և խթանելով միգրացիան և քաղաքական անկայունությունը:
2024 թվականին առնվազն տաս երկրում գրանցվել է 50 °C-ից բարձր ջերմաստիճան, շատ երկրներում գիշերային ջերմաստիճանը գերազանցել է 40 ° C-ը: Նման բարձր ջերմաստիճանները վտանգավոր են մարդու առողջության համար: Սաստիկ շոգի պատճառով տարեկան մահանում է կես միլիոն մարդ։
ՀՕԿ-ի՝ «Կլիմայական ծառայությունների վիճակը առողջության համար 2023 թվականին» զեկույցը ընդգծում է, որ ազգային օդերևութաբանական ծառայությունների միայն կեսն է նախազգուշացնում ծայրահեղ շոգի մասին, և միայն 26 երկիր ունի ջերմաստիճանով պայմանավորված վաղ նախազգուշացման համակարգեր։
ԱՀԿ-ի և ՀՕԿ-ի համատեղ ջանքերը կկենտրոնանան Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի 7 երկրների ազգային օդերևութաբանական ծառայություններում առողջապահական կանխատեսումների նախատիպերի մշակմանը։