AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր քարտուղարի հայտարարությունը 2021 թվականի Օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ «Օվկիանոսը, մեր կլիման և եղանակը»

23/03/2021

2021 թվականի Օդերևութաբանության համաշխարհային օրը նվիրված է «Օվկիանոսը, մեր կլիման և եղանակը» թեմային։ Այս տարվա թեմայի շեշտադրումը հատուկ ուշադրությունն է, որը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) հատկացնում է Երկրի համակարգի շրջանակներում օվկիանոսի, կլիմայի և եղանակի միջև կապի որոշման հարցերին:
Մեր կլիմայի փոփոխությունը հանգեցնում է օվկիանոսի տաքացմանը, ինչն ուժեղ ազդեցություն է թողնում եղանակի վրա։ Համաշխարհային կլիմայի վիճակի վերաբերյալ ՀՕԿ-ի ամենամյա զեկույցը ցույց է տալիս, որ 2020 թվականը պատմության մեջ երեք ամենատաք տարիներից մեկն էր՝ չնայած Խաղաղ օվկիանոսում Լա Նինյայի սառեցնող ազդեցությանը: Վերջին տասնամյակը (2011-2020թթ.) ամենատաքն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
Օվկիանոսի ջերմաստիճանը ռեկորդային մակարդակի վրա է, շարունակվում է նրա թթվայնացումը։ Հալչում է ծովային սառույցը, արագացել է ծովի մակարդակի բարձրացման տեմպը։
2020 թվականին մենք ականատես ենք եղել երկարատև երաշտների, որոնք երկարաձգել են հրդեհների սեզոնը ամբողջ աշխարհում: Ավստրալիայում ավերիչ անտառային հրդեհները, օրինակ, կապված էին օվկիանոսի ջերմաստիճանի հետ, որն ազդում է ավելի չոր սեզոնային կլիմայի վրա:
Օվկիանոսային տաք ջերմաստիճանը նպաստել է Ատլանտյան փոթորիկների ռեկորդային սեզոնի սկսվելուն, ինչպես նաև Հնդկական օվկիանոսում և Խաղաղ օվկիանոսի հարավում արտասովոր ինտենսիվ արևադարձային ցիկլոններին: Այդ շրջաններում փոթորիկների պատճառած վնասը ցույց է տվել օվկիանոսի ուժը և դրա ավերիչ ազդեցությունն ափամերձ համայնքների կյանքի վրա:
Օվկիանոսային ոչ արևադարձային փոթորիկները խորտակել են նավեր՝ հանգեցնելով ծովում մարդկանց և բեռների լրացուցիչ կորուստների:
2020թվականին Արկտիկական ծովի սառույցի տարեկան նվազագույն մակարդակը ամենացածրերից մեկն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Սառույցի հալման հետևանքով բևեռային շրջանների բնակիչները տուժել են ափամերձ շրջաններում անոմալ հեղեղումներից, ինչպես նաև ծովային սառույցի հալման հետ կապված վտանգավոր երևույթներից:
Այս առումով, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը մեծապես շահագրգռված է օվկիանոսի, ինչպես նաև մթնոլորտի, ցամաքի և կրիոսֆերայի համար հետազոտությունների, դիտարկումների, կանխատեսումների և ծառայությունների մատուցման աջակցման հարցով:
Օվկիանոսի տվյալների մեծ բացերը խոչընդոտում են երկարաժամկետ կտրվածքով եղանակի ճշգրիտ կանխատեսման մեր կարողությանը։
2020 թվականի նոյեմբերին կայացած ՀՕԿ-ի Տվյալների խորհրդաժողովը վեր հանեց տվյալների լուրջ բացերի առկայությունը՝ հատկապես օվկիանոսի նկատմամբ: Հանձնաժողովը ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել Երկրի համակարգի վերաբերյալ տվյալների ազատ և բաց հասանելիություն` այդ տվյալներից ընդհանուր տնտեսական օգտակարությունը առավելագույնի հասցնելու նպատակով:
ՀՕԿ-ն ունի լայն գործընկերային կապեր, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջկառավարական օվկիանոսագրաֆիկական հանձնաժողովի հետ` օվկիանոսը որպես երկրի համակարգի մաս ավելի լավ հասկանալու, դիտարկելու և կանխատեսելու նպատակով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի բնակչության ավելի քան 40%-ը բնակվում է ափից 100 կմ հեռավորության վրա, կա հրատապ անհրաժեշտություն ապահովելու համայնքների պաշտպանությունը ափամերձ գոտում վտանգավոր երևույթների ազդեցությունից: ՀՕԿ-ը և նրա Անդամներն աշխատում են աջակցել ափամերձ տարածքների կառավարմանն ու դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև վաղ աղդարարման համակարգերի հզորացմանը:
Համաշխարհային առևտրի գրեթե 90%-ն իրականացվում է ծովով և վտանգի է ենթարկվում՝ կապված ծովային էքստրեմալ եղանակային երևույթների հետ։ ՀՕԿ-ը համագործակցում է Միջազգային ծովային կազմակերպության և Միջազգային հիդրոգրաֆիական կազմակերպության հետ՝ ծովում կյանքի և գույքի անվտանգության ապահովման համար ստանդարտացված տեղեկատվության, կանխատեսումների և նախազգուշացումների տրամադրման նպատակով:
Առաջիկա տասնամյակը վճռորոշ նշանակություն կունենա կլիմայի փոփոխության հետևանքների հարմարեցման և դրանց մեղմացման ուղիների որոնման համար: ՀՕԿ-ն օժանդակում է այս ջանքերին՝ որպես Earthshot Prize (2021-2030թթ.) մրցանակի պաշտոնական երաշխավոր` փնտրելով լուծումներ անհետաձգելի բնապահպանական մարտահրավերների լուծման համար (ներառյալ օվկիանոսը և կլիման):
Այս տարին նույնպես կարևոր նշանակություն ունի ՀՕԿ-ի համար՝ կապված Միավորված ազգերի կազմակերպության տասնամյակի մեկնարկի հետ, որը նվիրված է օվկիանոսի մասին գիտությանը՝ ի շահ կայուն զարգացման (2021-2030թթ.): ՀՕԿ-ը մտադիր է իր ներդրումն ունենալ Տասնամյակի նպատակներին հասնելու գործում` կապված «անվտանգ օվկիանոսի», «կանխատեսվող օվկիանոսի» և «թափանցիկ օվկիանոսի» հետ:
Գործընկերների հետ համատեղ ՀՕԿ-ը ձգտում է ընդլայնել Երկրի համակարգի գիտության ինտեգրումը ծառայությունների մեջ:
Մեր եղանակը և կլիման հասկանալու համար, մենք պետք է հասկանանք մեր օվկիանոսը: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ պաշտպանելով խոցելի համայնքները և աջակցելով Սենդայի աղետների ռիսկի նվազեցման շրջանակային ծրագրին, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ), Փարիզի կլիմայի փոփոխության համաձայնագրին և «ՍԱՄՈԱՅԻ ուղին» ծրագրին:
Առաջիկա տարում ՀՕԿ-ը կգլխավորի մի քանի կարևոր գլոբալ նախաձեռնություններ՝ ուղղված մեր Անդամների գերակա խնդիրների լուծմանը`

  1. գլոբալ դիտարկումների ցանցի հզորացման կարևորությունը և կանոնավոր դիտարկումների ֆինանսավորման հիմնադրամի նորարական մեխանիզմների ստեղծումը եղանակի և կլիմայի կանոնավոր դիտարկումների ապահովման համար՝ հատկապես քիչ զարգացած երկրներում և զարգացող փոքր կղզի-պետություններում,
  2. ջրային ռեսուրսների և կլիմայի վերաբերյալ կոալիցիայի ստեղծումը` ԿԶՆ 6-ին հասնելու ուղղությամբ գործողություններն արագացնելու համար,
  3. ՀՕԿ Անդամ երկրների բազմաթիվ վտանգավոր երևույթների վաղ ազդարարաման համակարգի և ծառայությունների ապահովումը:

Շնորհավորում եմ բոլորիդ՝ Օդերևութաբանության համաշխարհային օրվա առթիվ։