AM RU EN

ԼՈՒՐԵՐ

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

29/04/2025

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես "հավերժ քիմիական նյութեր") կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։
PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, 
կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ "կանաչ" տեխնոլոգիաներում։
Ինչով են վտանգավոր․

  • Կարող են քայքայվել և վերածվել թունավոր միացությունների
  • Արտադրության ժամանակ առաջանում են ջերմոցային և օզոն քայքայող գազեր
  • Խոչընդոտում են թափոնների վերամշակումը
  • Տարածվում են օդի, ջրի, հողի ու սննդի միջոցով

Արդեն ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ պեր- և պոլիֆտորալկիլային նյութերը (PFAS) հայտնվել են հանրային և մասնագիտական ուշադրության կենտրոնում՝ մարդու առողջության և բնության վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունների պատճառով։ Մինչև վերջերս համարվում էր, որ PFAS պոլիմերները համեմատաբար անվտանգ են՝ իրենց մեծ մոլեկուլային կառուցվածքի պատճառով, սակայն նոր տվյալները փաստում են, որ այդ պնդումը կարող է ամբողջությամբ չհամապատասխանել իրականությանը։
EEA-ի նոր զեկույցը՝ «PFAS պոլիմերները՝ Եվրոպայի զրոյական աղտոտման, ցածր ածխածնային և շրջանառու տնտեսության նպատակների աջակցման համատեքստում», ներկայացնում է վերջին գիտական տվյալները՝ PFAS պոլիմերների առողջության, շրջակա միջավայրի և կլիմայի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ։ Այն նաև հիմք է հանդիսանում Եվրոպական միության (ԵՄ) քաղաքական առաջարկների համար՝ ուղղված այս նյութերի օգտագործման սահմանափակմանը։
Գլխավոր մտահոգությունները PFAS պոլիմերների հետ կապված են․

  • Արտադրության ընթացքում կիրառվող քիմիական նյութերն ու դրանց ենթամթերքները կարող են վտանգ ներկայացնել արտադրության աշխատակիցների, հարակից համայնքների և շրջակա միջավայրի համար։
  • Որոշ պոլիմերներ ժամանակի ընթացքում կարող են քայքայվել՝ առաջացնելով ավելի փոքր, կայուն միացություններ, որոնք հնարավոր է՝ ունենան նախնական նյութերից ավելի բարձր թունավորություն։
  • Արտադրության փուլում կարող են արտանետվել ուժեղ ջերմոցային գազեր (օրինակ՝ HFC-23) և օզոն քայքայող նյութեր (օրինակ՝ HCFC-22)։
  • Նյութերի լայն կիրառումը տարբեր ապրանքներում կարող է խոչընդոտել դրանց ապագա վերամշակումը, քանի որ թափոնների փուլում դժվար է հայտնաբերել և առանձնացնել դրանք։

ԵՄ-ի REACH կարգավորման շրջանակում վերջին շրջանում առաջարկվել է PFAS բոլոր խմբերի, ներառյալ պոլիմերների, համընդհանուր արգելք։ Այս նախաձեռնությունը ներկայացվել է Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի և Շվեդիայի կողմից։ Թեև որոշ ոլորտների համար նախատեսվում են ժամանակավոր բացառություններ, ԵՄ-ն և Եվրոպական քիմիական գործակալությունը (ECHA) քննարկում են նաև այլ՝ մասնակի սահմանափակող տարբերակներ։
EEA-ի զեկույցում շեշտվում է, որ PFAS պոլիմերների ազդեցությունների գնահատումը պետք է իրականացվի դրանց ամբողջական կյանքի ցիկլի հաշվառմամբ՝ արտադրությունից մինչև թափոնների վերամշակում։ Սա կարևոր նախապայման է՝ ապահովելու ԵՄ-ի շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական չեզոքության և շրջանառու տնտեսության ռազմավարական նպատակների իրագործումը։
https://www.facebook.com/share/p/15KdLwyxzc/