AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2025 թվականի մարտ ամսվա կլիմայական նակարագիրը՝ մարտն իր տարերքի մեջ էր

16/04/2025

2025 թվականի մարտը Հայաստանում առանձնացավ ջերմաստիճանային կտրուկ տատանումներով, դիտվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ և միևնույն ժամանակ ջերմաստիճանի անկումներ։ Մարտի 17-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Կապանում հասավ 31․3 °C-ի, իսկ ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիվել է մարտի 5-ին Աշոցքում՝ -23․0 °C։      
Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է –2․8 °C, որը նորմայից բարձր էր 2․9 °C-ով։ 2025 թվականի մարտը վեցերորդ տաքն էր սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը՝ 45․6 մմ, մոտ էր նորմային՝ կազմելով նորմայի 92․1 %-ը։
Մարտի սկիզբը բնութագրվեց ցրտաշունչ օրերով, սակայն հզոր տաք ալիքի ազդեցությամբ պայմանավորված, մարտի երկրորդ տասնօրյակում դիտվեցին աննախադեպ բարձր ջերմաստիճաններ։ Այս օրերին օդերևութաբանական կայանների մեծ մասում գրանցվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ։
Մարտի 13-ից 18-ը օդի ջերմաստիճանը հովտային շրջաններում և Արարատյան դաշտում հասավ 25-30 °C-ի, իսկ լեռնային շրջաններում՝ մինչև 15-18 °C։ Այս օրերին միջին օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայից 8-12 °C-ով։ Տեղումների և սառը օդային զանգվածների ներթափանցման շնորհիվ մարտի 20-ից 24-ը շրջանների զգալի մասում դիտվեց օդի ջերմաստիճանի անկում, սակայն օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրացավ ամսվա վերջին օրերին։         
 1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք մարտը դիտվել է 2023 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 4․5 °C, իսկ ամենացուրտը՝ 1943 թվականին՝ - 6․3 °C միջին ամսական ջերմաստիճանով։
Ամենախոնավ մարտը դիտվել է 1969 թվականին, երբ տեղումների  քանակը կազմեց 94․6 մմ, իսկ ամենաչորը՝ 1951 թվականին, ընդամենը 13․4 մմ տեղումների քանակով։ 
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ մարտ ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 3.6 °C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 2 %-ով։