AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության կողմից հրապարակվել է 2025 թվականի օդի որակի վիճակի մասին զեկույցը

16/04/2025

Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (EEA) 2023 և 2024թթ. վերջին վերլուծությունը ցույց է տվել, որ օդի որակը Եվրոպայում բարելավվում է, սակայն ԵՄ դիրեկտիվի չափանիշները դեռևս լիովին չեն պահպանվում։

Մոնիթորինգային դիտակայանների տվյալների համաձայն, ԵՄ չափանիշները հիմնականում պահպանվել են օդի երկու խիստ վնասակար աղտոտիչների՝ մանր մասնիկների (PM2.5, կայանների 99%) և ազոտի երկօքսիդի (NO₂, կայանների 98%) համար։ Չնայած դրան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցի մակարդակները Եվրոպայում ամբողջությամբ չեն պահպանվում, և օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ շրջակա միջավայրի առողջության ամենամեծ վտանգը տարածաշրջանում՝ առաջացնելով հիվանդություններ, նվազեցնելով կյանքի որակը, հանգեցնելով մահացությունների։

2025 թվականի օդի որակի վիճակի մասին զեկույցում ներկայացված են Եվրոպայում օդի հիմնական աղտոտիչների կոնցենտրացիաները և համեմատական գնահատումներ ԵՄ օդի որակի ներկայիս նորմերի, 2030թ. համար սահմանված նորմերի և ԱՀԿ-ի ուղեցույցների մակարդակի հետ։ Այս նախնական վերլուծությունը նպատակ ունի ցույց տալ ընթացիկ վիճակը։

2023 թվականին օդի որակի մոնիթորինգի կայանների զգալի մասն արդեն համապատասխանում է 2030 թ ստանդարտներին բոլոր աղտոտիչների համար, մասնավորապես ազոտի երկօքսիդի դեպքում կայանների ավելի քան 70%-ում կոնցենտրացիաները ցածր են 2030 թվականի համար նախատեսված նորմերից: Մանր մասնիկների համար (PM2.5) ավելի քիչ թվով դիտակայաններ են համապատասխանում 2030 թվականի նորմերին։

ԵՄ Օդի որակի վերանայված դիրեկտիվը զգալիորեն խստացնում է օդի որակի նորմերը՝ դրանք համապատասխանեցնելով ԱՀԿ-ի առաջարկություններին։

Եվրոպայում օդի որակը զգալիորեն բարելավվել է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, սակայն դեռ կան վայրեր, որտեղ աղտոտիչների կոնցենտրացիաները գերազանցում են ԵՄ ներկայիս նորմերը, ինչպես նաև ԱՀԿ-ի ուղեցույցների մակարդակները։

Առողջության համար ամենավնասակարը մանր մասնիկներն են (PM2.5). 2011 թվականից ի վեր բոլոր երկրները նվազեցրել են քաղաքային բնակչության ազդեցությունը PM2.5 մասնիկների նկատմամբ, այնուամենայնիվ, ԵՄ քաղաքային բնակչության ճնշող մեծամասնությունը (94%) շարունակում է ենթարկվել բարձր PM2.5-ի կոնցենտրացիաների ազդեցությանը, ինչն ընդգծում է առողջության հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունը։

Զեկույցում ասվում է, որ ԵՄ-ի 2030 թվականի համար վերանայված նորմերի կիրառումը կօգնի նվազեցնել առողջության վրա ազդեցությունները և առաջիկա տարիներին օդի որակի մակարդակը մոտեցնել ԱՀԿ ուղեցույցներով սահմանված նորմերին։