08/04/2025
2025 թվականի ապրիլի 3-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» տարածաշրջանային ծրագրի պատվիրակության հետ։
Պատվիրակության կազմում էին՝ Ֆիլիպ Հոհենբլում և Դանիել Տրավներ (Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալություն /UBA/), Պատրիկ Լեյնյու և Յաննիկ Պոչոն (Ֆրանսիայի Ջրային ռեսուրսների միջազգային գրասենյակ /IOW/), Տատյանա Չերնյավսկայա և Բենուա Ուատելե (ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն /UNIDO/), ինչպես նաև ծրագրի տեղական ներկայացուցիչ Վահագն Տոնոյան։
«ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագիրը տարածաշրջանային նախաձեռնություն է Արևելյան գործընկերության երկրների համար՝ աջակցելու նրանց անցմանը դեպի ավելի կանաչ, դիմակայուն և մրցունակ տնտեսություններ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Պատվիրակության այցի նպատակն էր քննարկել ծրագրի ոլորտային բաղադրիչների՝ մասնավորապես ջրային ռեսուրսների մոնիթորինգի, ինչպես նաև բնապահպանական տվյալների հավաքագրման և հաշվետվողականության ուղղությամբ նախատեսվող հնարավոր համագործակցությունն ու միջոցառումները։
Ողջունելով հյուրերին՝ Լևոն Ազիզյանը ընդգծեց ծրագրի կարևորությունը հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի զարգացման համար։ Նա վստահություն հայտնեց, որ Հայհիդրոմետը կլինի ծրագրի ակտիվ գործընկեր՝ հատկապես ջրային ռեսուրսների քանակական և որակական գնահատման, օդի որակի, հիդրոկենսաբանական մոնիթորինգի ոլորտներում ինստիտուցիոնալ, տեխնիկական և մարդկային կարողությունների զարգացման ուղղությամբ։
Ծրագրի ներկայացուցիչները ներկայացրեցին ծրագրի շրջանակում նախատեսվող միջոցառումները, որոնք վերաբերում էին շրջանաձև տնտեսությանը, ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի կառավարմանը, տվյալների կառավարմանը, ինչպես նաև այլ առանցքային ուղղություններին։
Հայկական կողմը՝ տնօրենի և մասնագիտական թիմի մասնակցությամբ, ներկայացրեց Հայհիդրոմետի առաջնահերթությունները, ներառյալ՝ տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը, մասնագետների վերապատրաստումը, արդի մեթոդաբանությունների և մոդելների ներդրումը, միջլաբորատոր համեմատական ստուգաչափման կազմակերպումը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանը ակտիվ մասնակցությունը։
Հանդիպումից հետո փորձագետներն այցելել են լաբորատորիա, տեղում ծանոթացել լաբորատոր սարքավորումներին, հավատարմագրման փաստաթղթերին և քննարկումներ ունեցել մասնագետների հետ։