AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օդերևութաբանության համաշխարհային օրը և Հայաստանի Հանրապետությունում Անտառագետի, Ջրաբանի և օդերևութաբանի մասնագիտական տոները նշվեցին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմակերպած հանդիսավոր նիստով

25/03/2025

 Օդերևութաբանության համաշխարհային օրը և Հայաստանի Հանրապետությունում Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի մասնագիտական տոները նշվեցին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմակերպած հանդիսավոր նիստով, որի ընթացքում ամփոփվեցին նաև ՊՈԱԿ-ի 2024 թվականի գործունեության հիմնական արդյունքները/ձեռքբերումները և ներկայացվեց Armhydromet բջջային հավելվածը։

Ողջույնի խոսքով նիստը բացեց ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ով ընդգծեց օրվա կարևորությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի տվյալների կիրառման նշանակությունը ։ 

Մասնագիտական տոների կապակցությամբ ելույթ ունեցավ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ով իր շնորհավորական ուղերձում շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ոլորտը զարգացում է ապրում ։ 

Նախարարի տեղակալը, կարևորեց վաղ նախազգուշացման համակարգերի ներդրումը՝ նշելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է պաշտպանված լինի եղանակային վտանգավոր երևույթներից։ 

Նա տեղեկացրեց, որ նախարարության կողմից ակտիվ աշխատանքներ են տարվում «Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնական աղետների հանդեպ հարմարվողականության բարձրացում՝ մշտադիտարկման և վաղ նախազգուշացման համակարգի հզորացման միջոցով» ծրագրի լրամշակման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա բարելավել «Հայհիդրոմետ»-ի կարողությունները վաղ նախազգուշացման համակարգերի ոլորտում։ 

Ողջույնի և մասնագիտական տոների շնորհավորական խոսքով հանդես եկավ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ով կարևորեց բնապահպանական հիմնախնդիրների լուծման ճանապարհին ոլորտի զարգացումն ու որակյալ մասնագետների ներգրավվածությունը։ 

Միջազգային և տեղական գործընկերներն իրենց շնորհավորանքներում առանձնահատուկ կարևորեցին համագործակցությունը կլիմայի փոփոխության ռիսկերի գնահատման, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման ոլորտներում։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև ՀՕԿ-ի այս տարվա թեմային համահունչ տեսահոլովակ՝ «Կլիմա և եղանակ. վաղ նախազգուշացման համակարգեր», որը ևս մեկ անգամ ընդգծեց երկրների համար վաղ նախազգուշացման բացերը հաղթահարելու նպատակով կատարվող ներդրումների կենսական անհրաժեշտությունը։ 

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրեց ՊՈԱԿ-ի 2024 թվականի հիմնական ձեռքբերումները։ 

Հանդիսավոր նիստի ընթացքում ներկայացվեց Armhydromet բջջային հավելվածը, որն արդեն գործում է և հասանելի է App Store-ում և Google Play-ում։
Հավելվածի միջոցով հնարավոր է ստանալ հուսալի և իրական ժամանակին մոտ տեղեկատվություն՝ ինչպես եղանակային պայմանների, այնպես էլ օդի որակի վերաբերյալ։ 

Մասնագիտական տոների կապակցությամբ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով և շնորհակալագրերով։ 

Միջոցառումն ամփոփվեց ավելի վաղ հայտարարված «Միասին հաղթահարելով վաղ նախազգուշացման բացերը» խորագրով մրցույթի հաղթող երեխաների պարգևատրմամբ: