AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար պրոֆեսոր Սելեստե Սաուլոյի ուղերձը՝ նվիրված Օդերևութաբանության համաշխարհային օրվան և ՀՕԿ-ի 75-ամյակին

24/03/2025

Հարգելի ՀՕԿ անդամներ, գործընկերներ, բարեկամներ,
Շնորհավորում եմ Օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Շնորհավորում եմ նաև Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության կողմից լիազորված եղանակի, կլիմայի և ջրային ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության հեղինակավոր հանգույց հանդիսացող հաստատության 75-ամյա հոբելյանը։
Այսօր և ողջ տարվա ընթացքում ընդգծում ենք ՀՕԿ-ի և նրա անդամների կողմից կատարված ներդրումների հույժ կարևորությունը կյանքեր փրկելու, հասարակությանը ծառայելու և մեր մոլորակը պաշտպանելու գործում։
Ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունների աշխատակիցները նման են բժիշկների և բուժքույրերի, ովքեր աշխատում են 24/7 ռեժիմով, որպեսզի ապահովեն և պահպանեն հանրության բարեկեցությունը։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզանից յուրաքանչյուրին։
Մենք ավելին ենք, քան պարզապես եղանակի կանխատեսողներ։
ՀՕԿ-ի գիտական տվյալները, տեղեկատվությունը և ծառայությունները հիմք են հանդիսանում ամենօրյա ժամանցի, սեզոնային մշակաբույսերի տնկման և երկարաժամկետ ենթակառուցվածքային ներդրումների վերաբերյալ որոշումների կայացման համար։
Անցած 75 տարիների ընթացքում մենք միլիարդավոր դոլարների հավելյալ արժեք ենք ապահովել համաշխարհային տնտեսության մակարդակով։ Մենք նաև խնայել ենք միլիարդավոր դոլարներ՝ կանխելով եղանակի, կլիմայի և ջրի հետ կապված վտանգավոր երևույթներից պատճառվող տնտեսական կորուստները։ Մենք փրկել ենք հարյուր հազարավոր կյանքեր։
ՀՕԿ-ը դարձնում է աշխարհը ավելի անվտանգ, ապահով ու բարգավաճ։ Եղանակի հետ կապված տվյալների, արտադրանքի և ծառայությունների անվճար ու անսահմանափակ փոխանակումը կենսական նշանակություն ունի ազգային անվտանգության և կլիմայազգայուն ոլորտների համար։ Դրանց թվում են գյուղատնտեսությունը, ավիացիան, նավագնացությունը, էներգետիկան, ջրային ռեսուրսների կառավարումը և առողջապահությունը։
ՀՕԿ-ը հանդիսանում է գլոբալ եղանակի կանխատեսման ողնաշարն ու նյարդային համակարգը։
Ամենօրյա ռեժիմով յուրաքանչյուր րոպե ամբողջ աշխարհի մոնիթորինգային կայաններից տվյալներ են ուղարկվում եղանակի կանխատեսման կենտրոններ: Իրականացվում են միլիոնավոր անհատական չափումներ արբանյակների, գետնամերձ կայանների, օդերևութաբանական օդապարիկների, օվկիանոսային լողանների, նավերի, ինքնաթիռների և այլ աղբյուրների միջոցով։
Առանց ՀՕԿ-ի համակարգման և միասնական ցանցի յուրաքանչյուր երկիր կկանգներ գլոբալ տվյալների ինքնուրույն հավաքագրման անհնարին խնդրի լուծման առջև:
Այս անորոշ և դժվարին ժամանակներում միջազգային համագործակցությունն ավելի կարևոր է, քան երբևէ։
Աշխարհն ականատես եղավ պատմության մեջ ամենատաք տասնամյակին։ 2024 թվականը, ամենայն հավանականությամբ, կլինի առաջին օրացուցային տարին, երբ միջին գլոբալ ջերմաստիճանը ժամանակավորապես հասել է +1.5°C՝ գերազանցելով նախաարդյունաբերական դարաշրջանի ցուցանիշը։
Ցավոք, այս միտումը լինելու է շարունակական։
Սա պարզապես վիճակագրություն չէ։
Յուրաքանչյուր ջերմաստիճանի մասնիկ վճռական նշանակություն ունի մեր կյանքի, ապրուստի և բարեկեցության համար:
Եղանակային ու կլիմայական վտանգավոր երևույթների ազդեցությունն ավելի ու ավելի է սաստկանում։ Մենք ականատես ենք լինում ավելի հաճախակի և ինտենսիվ ջերմային ալիքների, ավերիչ փոթորիկների ու ջրհեղեղների, ավելի արագ ուժգնացող արևադարձային ցիկլոնների։
1970-2021 թթ. ընթացքում եղանակի, կլիմայի և ջրային վտանգներից առաջացած համաշխարհային տնտեսական կորուստները կազմել են 4.3 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ։
Տնտեսական ծախսերը շարունակում են աճել, բայց մահացության ցուցանիշը նվազում է։ Պարզ ասած՝ մենք երբևէ ամենաարդյունավետն ենք կյանքեր փրկելու գործում։
Մեր գերակա առաջնահերթությունը վաղ նախազգուշացման համակարգերի միջոցով ամենուր բոլորի պաշտպանությունն ապահովելն է:
Հետևաբար, այս տարվա Օդերևութաբանության Համաշխարհային Օրվա թեման է՝ «Միասին շտկենք վաղ նախազգուշացման համակարգերի բացերը»։
«Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության իրականացման առաջին կեսի ավարտին հպարտորեն հայտարարում ենք առաջընթացի մասին։ 2024 թվականի դրությամբ 108 երկիր հայտնել է բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման համակարգերի որոշակի կարողությունների առկայության մասին։ Սա ավելի քան կրկնակին է 2015 թվականի 52 երկրների չափանիշի համեմատ։
Բայց մենք պետք է ավելի առաջ գնանք և ավելի արագ տեմպերով:
Մենք պետք է.
Համագործակցենք նորարարությունների ներդրման շուրջ՝ տեխնոլոգիաների ընդլայնման նպատակով։
Միավորվենք՝ ի նպաստ երկրների համագործակցության խթանման։
Համատեղ ներդրումներ կատարենք՝ ռեսուրսներ ստեղծելու, մոբիլիզացնելու և փոխանակելու համար։
«Վաղ նախազգուշացում բոլորի համար»-ը այլևս ոչ միայն նախաձեռնություն է, այլև բրենդ։
Սա հավակնոտ նպատակ է։ Բայց մենք վճռական ենք հաջողության հասնելու համար։
Այժմ մենք ընդլայնում ենք մեր աջակցությունը՝ այն ուղղելով դեպի այլ երկրներ, որոնք դուրս են սկզբնական 30 թիրախային երկրների շրջանակից։
Մենք ամրապնդում ենք գործընկերական կապերը երկկողմ և բազմակողմ դոնորների, զարգացման բանկերի և կլիմայական հիմնադրամների հետ՝ ռեսուրսներն ու համագործակցությունը զարգացնելու նպատակով։
Մենք ուժեղացնում ենք տարածաշրջանային կարողությունները՝ կայուն ազդեցություն ապահովելու համար։
Մենք խթանում ենք պատասխանատվության բարձրացումը՝ երկրներին առաջնորդող դերում լինելու հնարավորության ընձեռնմամբ։
Մենք պարտավորվում ենք ուժեղացնել կանխատեսման կարողությունները։
Տեխնոլոգիական առաջընթացը և արհեստական բանականությունը խոստանում են հեղաշրջում կատարել եղանակի կանխատեսման գործընթացում։
Բայց մենք պետք է հավասար պայմաններ ստեղծենք՝ երաշխավորելով, որ ոչ ոք խաղադաշտից դուրս չի մնալու։ Մենք պետք է շտկենք տվյալների և դիտարկումների ոլորտում առկա բացերը։
Ժամանակն է գործելու։ Ներդրումների և նորարարությունների միջոցով մենք կարող ենք իրագործել «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության խոստումը։
Սա հրամայական է մարդկային և բարոյական տեսանկյունից։ Տնտեսական առումով նույնպես խելամիտ քայլ է. համաշխարհային մասշտաբով վաղ նախազգուշացման համակարգերում ներդրված յուրաքանչյուր ԱՄՆ դոլար հատուցվում է 9 ԱՄՆ դոլարի տնտեսական օգուտի չափով։
Հետևաբար, կոչ եմ անում ամբողջ աշխարհի կառավարություններին առավելագույնս ավելացնել ներդրումները ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունների ոլորտում։ Սա ազգային և միջազգային սոցիալ-տնտեսական զարգացման բանալին է։
Որպես եզրափակիչ խոսք ավելացնեմ, որ․
Վերջին 75 տարիների ընթացքում ՀՕԿ-ը գիտությունը վերածել է գործողության՝ հանուն համաշխարհային բարօրության:
Օդերևութաբանության այս համաշխարհային օրը, եկեք վերահաստատենք ավելի ապահով և կայուն աշխարհ ստեղծելու մեր հանձնառությունը: Մենք պարտավոր ենք դա անել՝ հանուն մեր երեխաների։
Շնորհակալություն…