AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ձյան դերը օդի մաքրման գործում

24/02/2025

Երբ ձմռանը մեր շրջակայքը ծածկվում է ձյունով, մենք հաճախ հիանում ենք այդ հանդարտ գեղեցկությամբ, սակայն, շրջակա միջավայրը պարզապես գեղեցկացնելուց բացի, ձյունը կարևոր դեր է կատարում՝ մաքրում է օդը: 
Հետազոտությունները և տվյալները ցույց են տալիս, որ ձյունը զգալի ներդրում ունի մթնոլորտի մաքրման և օդի որակի բարելավման գործում: Ինչի ապացույց է մայրաքաղաքում նախորդ շաբաթ տեղացած առատ ձյան հետևանքով փոշու պարունակության նվազումը. փետրվարի 21-23-ը Երևան քաղաքի 5 դիտակայաններում փոշու օրական պարունակության գերազանցումներ սահմանային թույլատրել կոնցենտրացիայից չեն դիտվել։
Ըստ էության, ձյունը ծառայում է որպես օդի օրգանական ֆիլտր: Այն կլանում է օդում վնասակար նյութերը, ներառյալ մանր մասնիկները (PM2.5) և կայուն օրգանական աղտոտիչները (պոլիքլորացված դիբենզո-պ-դիօքսինները և ֆուրանները (PCDD/Fs))՝ արդյունավետորեն հեռացնելով դրանք օդից և թողնելով գետնին:
Թեև և՛ անձրևը, և՛ ձյունը օգտակար են օդի որակի բարելավման համար, ձյան յուրահատուկ կառուցվածքն այն հատկապես արդյունավետ է դարձնում: Ձյան փաթիլների բարդ բյուրեղային կառուցվածքի շնորհիվ, դրանց կլանման մակերեսն ավելի մեծ է, քան անձրևի կաթիլների դեպքում: Սա թույլ է տալիս փաթիլների անկման ժամանակ որսալ և պահել ավելի շատ մասնիկներ՝ դրանով իսկ մեծացնելով օդը մաքրելու նրանց կարողությունը: 
Ձյունը շատ ավելին է անում, քան պարզապես գեղեցկացնում է մեր միջավայրը, այն ավելի առողջ է դարձնում այն: