AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ջրի համաշխարհային օրվան նվիրված «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի շնորհավորական ուղերձը

22/03/2024

1993 թվականից սկսած ամեն տարի այս օրը՝ մարտի 22-ին աշխարհի հիդրոլոգիական հանրությունը նշում է Ջրի համաշխարհային օրը, որն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո և համակարգվում ՄԱԿ-ՋՈՒՐ կառույցի կողմից։ Մեր հանրապետությունում, 2022 թվականից սկսած այդ օրը նշվում է նաև որպես Ջրաբանի օր:
2009 թվականից ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ն իր ակտիվ մասնակցությունն է ունենում Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին՝ թողարկելով համապատասխան տեղեկագրեր և բուկլետներ:

Ջրի համաշխարհային օրվա անցկացման հիմնական նպատակներն են.

  • Խթանել` բնակչությանը խմելու ջրով մատակարարման խնդրի լուծման համար համապատասխան միջոցների ընդունմանը:
  • Տեղեկացնել հասարակությանը քաղցրահամ ջրային ռեսուրսների և ընդհանրապես ջրային ռեսուրսների պահպանման և կարևորության մասին:
  • Ներգրավել կառավարությանը, միջազգային և հասարակական կազմակերպություններին և մասնավոր սեկտորին Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին:

Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է մի հրատապ խնդրի կամ թեմայի։ 2024 թվականի կարգախոսն է «Ջուրը խաղաղության համար», «Ստեղծելով ալիքներ ավելի լավ ապագայի համար»։
Թեման համապատասխանեցված է Ջրային ռեսուրսների վիճակի մասին 2024 թվականի՝ «Ջրի օգտագործումը խաղաղության և բարեկեցության համար» զեկույցի հետ։
Փոփոխվող հիդրոլոգիական պայմաններին արդյունավետ կերպով հարմարվելու համար որոշիչ նշանակություն ունեն մեր ջրային ռեսուրսների հետևողական մոնիթորինգը և գնահատումը, որը հնարավորություն է տալիս ջրի հետ կապված խնդիրների մասին ընդհանուր պատկերացում կազմել և վերջինիս հիման վրա մշակել համաձայնեցված լուծումներ։
Մեր երկրի տարածքում հիդրոլոգիական ցիկլի վերաբերյալ տվյալների հավաքագրման այս կարևոր առաքելությունն իրականացվում է ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից։ Կարևորելով մոնիթորինգի գործառույթը, ինչպես նաև ջրային ոլորտի հետ առնչվող հարցերի և խնդիրների լուսաբանումը պետության և միջազգային գործընկերների աջակցությամբ փորձում ենք շարունակաբար արդիականացնել մեր դիտարկումների և կանխատեսումների և սպասարկման համակարգը։
Ջուրն անհրաժեշտ է ոչ միայն ծարավը հագեցնելու և կյանքն ու առողջությունը պահպանելու համար։ Ջրային ռեսուրսները մեծ նշանակություն ունեն նաև տնտեսական, սոցիալական և մարդկային զարգացման բոլոր ոլորտներում։ Ուստի ջրային մարմինների պահպանումը մարդկության առաջնահերթություններից է, յուրաքանչյուրը պետք է իր իրագործելի ներդրումն ունենա մոլորակի ջրային ռեսուրսների պահպանման գործում։
Շնորհավորում եմ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, նորանոր ձեռք բերումներ և ամենակարևորը ջրառատ տարի: