AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Գարնանային գիշերահավասարն այս տարի գրանցվել է մարտի 20-ին

21/03/2024

Երկրագնդի առանցքն իր ուղեծրային առանցքի նկատմամբ ունի 23,5° թեքվածություն։ Հենց այս հանգամանքով և երկրի գնդաձև լինելով է պայմանավորված մեզ հասնող արևի ճառագայթների և տարբեր տեղամասերում մակերևույթի հետ կազմած անկյունային տարբերությունը, որոնք եղանակների և նրանց բազմամյա կրկնության համար որոշիչ դեր ու նշանակություն ունեն։ Գարնանային գիշերահավասարն այս տարի գրանցվել է մարտի 20-ին՝ տեղական ժամանակով 07։06-ին, երբ արեգակը գտնվել է հասարակածի զենիթում և նրա ճառագայթները հավասարապես ընկել են երկրագնդի երկու կիսագնդերում։ Այդ օրը թե՛ հյուսիսային, թե հարավային կիսագնդերում գիշերվա և ցերեկվա տևողությունները գրեթե հավասարվել են։ Սովորաբար գարնանային գիշերահավասարի օրն ընդունված է համարել մարտի 21-ը, սակայն ներկայիս գիտությունը թույլ է տալիս գերճշտգրիտ հաշվարկների շնորհիվ գրանցել գիշերահավասարն իրական ժամանակում։
Գիշերահավասարի ընդուված օրը՝ մարտի 21-ը իսկապես կլինի գիշերահավասարի օր՝ 2101թ․-ին։
Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին նշել են հենց մարտի 21-ին՝ հնագույն և ավելի ճշտգրիտ հայկական տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը։ Պատահական չէ, որ մեր իմաստուն նախնիները նոր տարվա գալուստ համարել են աստղագիտական գարնան և բնության զարթոնքի սկիզբ համարվող օրը, քանի որ այն կապել են հաջողության (ստուգաբանություն՝ ի աջ ուղղության) և բերքառատության խորհրդի հետ։
Գիշերահավասարի օրվա մասին խոսենք թվերով (բոլոր արժեքները Երևանի տեղական ժամանակով).
Երկրագնդի արեգակից ունեցած հեռավորությունը - 148․989․000 կմ
Արևածագ - 07։05
Մայրամուտ - 19։14
Ցերեկվա տևողություն - 12 ժամ 9 րոպե 13 վայրկյան
Արեգակնային կեսօր - 13։09
Հորիզոնի նկատմամբ ունեցած ամենաբարձր դիրքը - 50°
Տևողությունը մինչև ամառային արևադարձ (հունիսի 21) - 92 օր, 17 ժամ, 44 րոպե
Արեգակի ցամաքային արագություն – 463.93մ/վրկ
Հիմա հարց կառաջանա, թե ինչու գարնանային գիշերահավասարի օրը գիշերվա և ցերեկվա տևողությունները նույնը չեն։ Պատճառներից մեկն այն է, որ արևածագը սահմանվում է ոչ թե արեգակի սկավառակի վերին եզրի երևալուն պես, այլ այն պահից, երբ արեգակի սկավառակի երկրաչափական կենտրոնը հատում է հորիզոնի գիծը։ Մեկ այլ պատճառ է լույսի բեկումը մթնոլորտում։ Միջին հաշվարկներով արևի լույսը երկիր է հասնում մոտ 8 րոպեում, այդ իսկ պատճառով մայրամուտի ժամանակ՝ մասնավորապես արեգակի սկավառակի ստորին եզրի և հորիզոնի միջև ամենամոտ հեռավորության պահին արեգակն իրականում մեծ մասով գտնվում է հորիզոնի գծից ներքև, այն ինչ դեռ տեսանելի է ամբողջ շրջանակը։