AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կլիմայի փոփոխությունը Հնդկաստանում բերել է ջրհեղեղների վտանգի մեծացմանը և ջրի սակավության խնդրին

19/03/2024

Թվում է, թե վերնագիրը ակնհայտ հակասություն է, սակայն այս եզրակացությանը հանգել են Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի փորձագետները։ Ցիկլոնային փոթորիկներն առատ ձյան տեղումներ են բերում Հիմալայներում։ Գարնանը ձյան հալոցքը ապահովում է ոռոգման ջրի պաշար ցորենի և այլ մշկաբույսերի համար։
Միևնույն ժամանակ փոթորիկների թվի 60%-ով աճը հանգեցրել է ձյան տեղումների կրճատման և անձրևի քանակի ավելացման։ Անձրևը մեծացնում է աղետալի ջրհեղեների վտանգը, քանի որ ջուրն արագ հոսում է լանջերով՝ նվազեցնելով նաև կենսական ջրի պաշարները։
Ռեդինգի համալսարանի հետազոտողների կարծիքով՝ հունիսին Հնդկաստանի հյուսիսում սաստիկ փոթորիկների հավանականությունն այժմ երկու անգամ ավելի է, քան 70 տարի առաջ։
Տարվա այս եղանակին ավելի տաք, ավելի խոնավ օդի դեպքում փոթորիկները ձյան փոխարեն հորդառատ անձրև են բերում: Սա մեծացնում է մահացու ջրհեղեղների վտանգը։ Այդպիսի դեպքեր գրանցվել են Ուտարախանդում 2013 թվականին և Դելիի շրջակայքում 2023 թվականին:
Քաշմիրի որոշ շրջաններում դեկտեմբերին կամ հունվարին ընդհանրապես ձյուն չի տեղացել։ Սա մեծ մտահոգություն է Ինդուսի և Վերին Գանգեսի ավազաններում ապրող 750 միլիոն մարդկանց համար, ովքեր իրենց ջրի հիմնական պաշարը ապահովում են ձմռանը դիտվող ձյան տեղումներից:
Տիբեթյան բարձրավանդակի արագ տաքացումը ջերմաստիճանի ավելի մեծ տարբերություն է ստեղծում՝ առաջացնելով ավելի ուժեղ օդային հոսք և ինտենսիվ փոթորիկներ:
Ձմեռային ձյան ցածր մակարդակը և ուշ սեզոնային փոթորիկների ավելացումը մեծացնում են ջրհեղեղների վտանգը, ինչը ավելի կարևոր է դարձնում տարածաշրջանում կլիմայի փոփոխության խորքային ազդեցություններին արձագանքելու հրատապ անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ ձյան մեջ ջրի պաշարը շարունակում է նվազել կլիմայի տաքացման հետևանքով, որը սպառնում է հալոցքային ջրերի պաշարների կրճատմանը գարնան սեզոնին։