AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի փորձագիտական ծառայությունների տնօրեն Հարի Փիեթարիլան

14/02/2024

2023 թվականի դեկտեմբերի 14-15-ին Ժնևում ՀՕԿ-ի կողմից կազմակերպված «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության ներքո կայացած Հարավային Կովկասի երկրների և Ղազախստանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների տնօրենների և ներկայացուցիչների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2024 թվականի փետրվարի 11-13-ը աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի փորձագիտական ծառայությունների տնօրեն Հարի Փիեթարիլան։ 
Այցի ընթացքում, փետրվարի 11-ին, պարոն Հ. Փիեթարիլան այցելեց ՇՄն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայան, որտեղ ծանոթացավ կայանի գործունեությանը։
Այցի երկրորդ օրը Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի փորձագիտական ծառայությունների տնօրենը եղավ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում, կլիմայի, օդերևութաբանության և հիդրոլոգիայի ծառայություններում՝ ծանոթանալով վերջիններիս գործունեությանը։ 
Փետրվարի 12-ին Հ․ Փիեթարիլան ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ներկայացրեց Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի գործունեությունը, կառուցվածքը և իրականացվող ծրագրերը։
Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կառույցների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ 
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետագայում նույնպես շարունակել քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ուղղությունները վերհանելու, փորձի փոխանակման և համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։