AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Էլ Նինյոյի ակտիվացումը՝ Կոլումբիայում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու պատճառ

30/01/2024

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հրամանագիր է ստորագրել 1 տարով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, որի պատճառը Էլ Նինյո երևույթի ակտիվացումն է: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ 
Հրամանագրի գործողության ժամկետը 12 ամիս է, որը թույլ է տալիս լրացուցիչ բյուջետային միջոցներ հատկացնել տարերքի հետևանքները վերացնելու համար։ Տարերային աղետների դեմ պայքարի վարչության հունվարի 26-ի տվյալներով՝ վերջին ամիսներին հրդեհից տուժել է ավելի քան 17․000 հա անտառ։ Տարածաշրջանում արդեն մի քանի ամիս է գրանցվում է անոմալ շոգ եղանակ։ Գիտնականների կարծիքով, երաշտի հիմնական պատճառը այս սեզոնին ոչ բնորոշ ակտիվությամբ արտահայտված Էլ Նինյո կլիմայական ֆենոմենն է։ 
Էլ Նինյոն միջինում տեղի է ունենում յուրաքանչյուր 2-7 տարին մեկ, և սովորաբար տևում է 9-12 ամիս: Դա բնական կլիմայական օրինաչափություն է, որը կապված է Խաղաղ օվկիանոսի արևադարձային լայնությունների կենտրոնական և արևելյան շրջանների մակերեսային ջրերի տաքացման հետ: 
Էլ Նինյոյի ազդեցությունն ավելի է ուժգնացել մարդու գործունեության արդյունքում փոխվող կլիմայի պայմաններում:
Ամենավերջին կանխատեսումները և փորձագիտական գնահատականները ցույց են տալիս, որ մեծ է հավանականությունը, որ Խաղաղ օվկիանոսի հասարակածային ջրերի տաքացումը կշարունակվի մինչև 2024 թվականի փետրվար-ապրիլ: