AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերամշակվել են ՀՀՇՆ «Շինարարական կլիմայաբանություն» ՀՀ շինարարական նորմերը

29/01/2024

Շինարարական կլիմայաբանության մեջ ներկայացված են կլիմայական հարաչափեր, որոնք կիրառվում են շենքերի և շինությունների, ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, ջրամատակարարման համակարգերի նախագծման, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման խնդիրներում: Նախկին նորմը հաստատվել էր 2011 թվականին քաղաքաշինության նախարարի 167-Ն հրամանով։
Անհրաժեշտություն էր առաջացել վերանայել ավելի քան 10 տարի վաղեմության շինարարական կլիմայաբանության նորմերը՝ հաշվի առնելով կլիմայի տաքացման ահագնացող տեմպերը և՛ աշխարհում, և՛ Հայաստանում։
Օդերևութաբանական դիտարկումների մոտ 90 տարվա շարքում ամենատաք չորս տարիները Հայաստանում դիտվել են վերջին տասնամյակում՝ 2010, 2018, 2021 և 2023 թվականներին։ Ջերմաստիճանի բարձրացումն առավել արագ է տեղի ունենում ամռան սեզոնին, ինչն արտահայտվում է ջերմային ալիքների, և սաստիկ շոգերի հաճախականության զգալի աճով։ Հայաստանում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 43․7°C, դիտվել է 2011 թվականի հուլիսի 31-ին Մեղրիում, իսկ 2017թ․ և 2018թ․ ամռանն օդի առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում գերազանցել է 42°C-ը։

Ավելին, Հայաստանի օդերևութաբանական կայանների թվի կեսից ավելին գրանցեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ վերջին տասնամյակում։ Էքստրեմալ բարձր ջերմաստիճանային պայամանների իմացությունը շատ կարևոր է շինարարության կազմակերպման համար։
Վերանայված «Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմերի հաշվարկներում ներառվել են վերջին տասնամյակի դիտարկումների տվյալները։ Բացի այդ ավելի մանրամասն են ներկայացված արեգակնային ճառագայթման հաշվարկային հարաչափերը, ինչպես նաև ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերի նախագծման համար կիրառվող կլիմայական հարաչափերը։
Աշխատանքներն իրականացվել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ–ԿԿՀ ծրագրի շրջանակում, քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմի աջակցությամբ։
ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական կլիմայաբանություն» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատվել են քաղաքաշինության կոմիտեի նախագահի 15․01․2024թ․ №03-Ն հրամանով և փաստաթղթին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ 
https://www.arlis.am/Annexes/7/2024