AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օդերևութաբանական երաշտի ինտենսիվությունը ապրիլ-հոկտեմբեր ժամանակահատվածի համար

26/01/2024

2023 թվականին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր տասնօրյակ՝ համաձայն ՀՀ կառավարության 08․06․2023թ․ 925-Ն որոշման հաստատված մեթոդաբանությամբ գործող 39 օդերևութաբանական կայանների փաստացի տվյալների հիման վրա գնահատվել է օդերևութաբանական երաշտի ինտենսիվությունը ապրիլ-հոկտեմբեր ժամանակահատվածի համար։ 
Առանձին վերլուծվել են առաջին և երկրորդ կարգի ուժգնության օդերևութաբանական երաշտները, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել գյուղատնտեսությանը։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ մինչև հունիս ամիսը տեղումների քանակը եղել է բավարար և ինտենսիվ օդերևութաբանական երաշտ չի ձևավորվել հանրապետության շրջանների մեծ մասում (Գծապատկեր)։ 

Սկսած հուլիս ամսվա կեսերից մինչև օգոստոսի վերջ ուժեղ երաշտով օրերի թիվը կտրուկ աճել է շրջանների մեծ մասում՝ պայմանավորված շոգ և չորային եղանակներով։ Սեպտեմբեր ամսից երաշտի ինտենսիվությունը աստիճանաբար նվազել է հանրապետության բոլոր շրջաններում։ 
Ինչպես և սպասելի էր երաշտների տևողությունը և ինտենսիվությունը ամենամեծն է Հայաստանի ցածրադիր և հովտային շրջաններում, այնինչ նախալեռնային և լեռնային շրջաններում երաշտով օրերի թիվը կտրուկ նվազում է՝ պայմանավորված ջերմաստիճանի նվազմամբ և տեղումների քանակի ավելացմամբ։
Գծապատկեր․ Երաշտով օրերի միջին թիվը ըստ տասնօրյակների 2023 թվականի մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածի համար։ Ըստ բարձրության առաձնացվել են ցածրադիր (մինչև 1200 մետր՝ կարմիր), նախալեռնային (1200-1600 մետր՝ դեղին) և լեռնային (1600 մետրից բարձր՝ կանաչ) գոտիների։



Երաշտի ինտենսիվության քարտեզը օգոստոսի վերջին տասնօրյակի համար ցույց է տալիս, որ երաշտի գոտին ընդգրկել է Արարատյան դաշտը, Վայոց Ձորը, Սյունիքը և Շիրակի նախալեռնային հատվածները։ Երաշտային պայմանները բացասական ազդեցություն են ունեցել այս շրջանների բուսականության վիճակի վրա համաձայն Landsat 8 արբանյակի բուսականության NDVI ինդեքսի քարտեզի։
Երաշտի ինտեսնիվության գնահատականը Հայաստանում օգոստոսի վերջին տասնօրյակի համար ըստ փաստացի տվյալների (ձախ) և բուսականության վիճակի NDVI ինդեքսի՝ ստացված Landsat 8 արբանյակից (աջ)
2023 թվականին ստեղծվել է երաշտի Հայկական տեղեկատվական հարթակը, որտեղ հրապարակվել են երաշտի ամսական տեղեկագրեր՝ ներկայացնելով ավելի մանրամասն վերլուծություններ երաշտային պայմանների վերաբերյալ։