AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՀՕԿ-ի Կլիմայի կիրառական ծառայության բաժնի ղեկավար Ռոբերտ Ստեֆանսկու, Գլոբալ ջրային համագործակցության Ջրերի և կլիմայի ավագ մասնագետ Վալենտին Աիչի հետ

13/10/2023

Հոկտեմբերի 12-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Կլիմայի կիրառական ծառայության բաժնի ղեկավար Ռոբերտ Ստեֆանսկու, Գլոբալ ջրային համագործակցության Ջրերի և կլիմայի ավագ մասնագետ Վալենտին Աիչի հետ։ 
Հանդիպմանը ներկա էին նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի /ԲԾԻԳ/ տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը և ԲԾԻԳ-ի Դոնորների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Լիա Ապիկյանը։
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Հայաստանում երաշտի մոնիթորինգի և կանխատեսման գործընթացը և վաղ նախազգուշացման համակարգի ներդրման հնարավորությունները։ 
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրեց աղետների ռիսկերի, երաշտի, ջերմային ալիքների վաղ նախազգուշացման համակարգերի ներդրման հետ կապված առկա խնդիրներն ու բացերը, ինչպես նաև շեշտադրեց երաշտի գնահատման ցուցիչների սահմանման նորարար մեթոդաբանության ներդրման անհրաժեշտությունը։ 

ԲԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանն ու Գլոբալ ջրային համագործակցության ներկայացուցիչ Վալենտին Աիչը քննարկեցին Կանաչ կլիմայի հիմնադրամի շրջանակներում երկրի կարիքների վրա հիմնված ամբողջական ծրագրերի մշակման և ներկայացման հնարավորությունները։ ՀՕԿ-ի Կլիմայի կիրառական ծառայության բաժնի ղեկավար Ռոբերտ Ստեֆանսկին հաստատեց, որ ՀՕԿ-ը պատրաստակամ է աջակցել երաշտի գնահատման ցուցիչներին վերաբերող մեթոդաբանության ներդրման, ինչպես նաև Հայհիդրոմետի մասնագետների համար համապատասխան վերապատրաստման դասընթացների կազմակերպման գործընթացին։ Նա նաև հաստատեց, որ ՀՕԿ-ը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է ուսումնասիրել ԲԾԻԳ-ի կողմից արդեն մշակված ծրագրային հայեցակարգը և տալ համապատասխան մեկնաբանություններ, ինչպես նաև աջակցել նոր ծրագրերի մշակման գործընթացին։ Հանդիպման ավարտին ՀՕԿ-ի և ԳՋՀ-ի ներկայացուցիչները վերահաստատեցին իրենց հանձնառությունը կլիմայական ռիսկերի կառավարմանն ու կլիմայի փոփոխության հարմարվողականությանը միտված նախագծերի մշակման և իրականացման համար աջակցության տրամադրման համատեքստում։ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն իր հերթին արտահայտեց իր խորին համոզմունքն առ այն, որ նշված կառույցների հետ միջդիսցիպլինար և բազմակողմանի համագործակցության շնորհիվ կստեղծվեն փոխշահավետ հիմքեր հետագա արդյունավետ գործունեության և ծրագրերի վերջնարդյունքների հարատևության ապահովման համար։