AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Տեղի ունեցավ «Ջերմոցային գազերի գույքագրումը Էստոնիայում․ հիմնական խնդիրները, ներկա իրավիճակը և հեռանկարները» խորագրով առցանց աշխատաժողով

05/10/2023

«Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակներում ջերմոցային գազերի գույքագրման կադաստրի կազմման ազգային կարողությունների զարգացմանն աջակցման նպատակով սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Ջերմոցային գազերի գույքագրումը Էստոնիայում․ հիմնական խնդիրները, ներկա իրավիճակը և հեռանկարները» խորագրով առցանց աշխատաժողով։
Աշխատաժողովը կազմակերպել էր ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը՝ Էստոնիայի շրջակա միջավայրի գործակալության հետ համատեղ։ Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից, ՇՄՆ կլիմայական քաղաքականության, վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության, մթնոլորտային քաղաքականության վարչություններից և ծրագրի ՄԱԶԾ գործընկերները։
Իր ելույթում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գ․ Շահնազարյանը տնօրեն Լ․ Ազիզյանի անունից շնորհակալություն հայտնեց էստոնացի գործընկերներին՝ աշխատաժողովի կազմակերպման և ջերմոցային գազերի գույքագրման ոլորտում էստոնական փորձով կիսվելու պատրաստակամության համար։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց Ջերմոցային գազերի գույքագրման էստոնական փորձը, մասնավորապես՝ տարբեր մարմինների միջև ՋԳ գույքագրման կադաստրի մշակման գործառույթների կառավարումը, տվյալների կառավարման համակարգը՝ տվյալների հավաքագրում, որակի վերահսկում, մասնավոր հատվածից տվյալների հավաքագրում այլն։
Առանձին անդրադարձ կատարվեց տարբեր ոլորտների՝

  • Հողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն և անտառտնտեսություն․
    Հողօգտագործման դասակարգման մեթոդաբանությունը, հեռհար զոնդավորման տվյալների կիրառումը հողօգտագործման փոփոխության մեջ, անորոշությունների հետ կապված տվյալներ (անտաառածածկ տարածքներ, վնասված և չվերականգնված անտառածածկ տարածքներ, անտառից դուրս եկող փայտանյութի ծավալներ և այլն):
  • Էներգետիկա․
    տրանսպորտային ենթաոլորտից ելակետային տվյալների հավաքագրում:
  • Արդյունաբերություն․
    Անորոշությունների վերլուծություն, տվյալների հավաքագրում և կառավարում, տվյալների հավաքագրման մեթոդներն ու գործիքները։
  • Թափոններ․
    Թափոնների բաց այրման և ինսինիրացիայի հետևանքով առաջացող ՋԳ-երի հաշվարկի արտասահմանյան (մասնավորապես՝ զարգացող երկրներ) փորձը, ինչպես նաև կոշտ կենցաղային թափոնների հեռացման արդյունքում առաջացող ՋԳ-ների գնահատումը, զարգացող երկրների փորձը։