13/09/2023
Սեպտեմբերի 4-6-ը Շվեցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP «Ռազմավարությունների և վերանայում» աշխատանքային խմբի 61-րդ նիստը, որին մասնակցում էր կոնվենցիայի ազգային համակարգող, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։
Նիստի օրակարգի շրջանակում ներկայացվել և քննարկվել են․
• Կոնվենցիային 2022–2023 թթ․ աշխատանքային ծրագրի իրականացման առաջընթացը։
• Տեխնիկատնտեսական աշխատանքային խմբի կողմից Հայաստանի և մի շարք այլ երկրների համար (Վրաստան, Մոլդովա, Սերբիա, Մոնտենեգրո, Ղազախստան) իրականացված «Տեխնոլոգիական ուղի դեպի Փոփոխված Գյոթենբուրգի արձանագրության վավերացում» հետազոտության արդյունքները:
• Կողմերի կողմից կոնվենցիայի իրականացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, որի շրջանակում Գ. Շահնազարյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության ուղղությամբ իրականացված բարեփոխումները և հարակից միջոցառումների արդյունքները:
Հանդիպմանը ներկայացվեց նաև կոնվենցիայի քարտուղարության կողմից մշակված և մեկնարկած կոնվեցիայի պահանջների համաձայն արտանետումների գույքագրման վերաբերյալ էլեկտրոնային ուսուցման դասընթացը (E-learning course on How to Report Emissions under the Convention on Long-range Transboundary Air Pollution):
Դասընթացի նպատակն է օգնել երկրներին մթնոլորտային արտանետումների գույքագրման հարցում, այն նաև օգտակար է ուսանողների և ոլորտի բոլոր այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են իրենց գիտելիքները խորացնել մթնոլորտային օդի արտանետումների և դրանց կրճատմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:
Սեպտեմբերի 6-ի նիստը նվիրված էր «Մաքուր օդ» միջազգային օրվան, որի ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց մաքուր օդ ունեալու համար համտեղ ջանքերի անհրաժեշտությունը։
Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի 8 արձանագրություններից Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է միայն «Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման դիտարկման և գնահատման համատեղ ծրագրի (EMEP) երկարաժամկետ ֆինանսավորման մասին» արձանագրությունը: Այս արձանագրության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը միացած է «Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի ատոտիչների տարածման մոնիթորինգի և գնահատման» ծրագրին (EMEP):
Ծրագրի շրջանակներում ՀՀ-ում գործում է մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտվածության մոնիթորինգի առաջին մակարդակի տարածաշրջանային դիտակայան (AM0001R, Amberd EMEP station), որը շահագործվում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո՝ պետական ֆինանսավորմամբ:
Օդի կոնվենցիային առնչվող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ստորև հղումով՝https://unece.org/environmental-policy-1/air