AM RU EN

Աղբավայրերի ուսումնասիրություն 2021թ․

Ի աջակցություն թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների ստեղծման, աղբավայրերի ներկա վիճակի ուսումնասիրման, ինչպես նաև այնտեղ կուտակվող աղբի ծավալների վերաբերյալ տեղեկություն հավաքագրելու նպատակով կատարվել են հետազոտություններ.
Մասիս, Արարատ,, Հրազդան,Չարենցավան, Արթիկ, Թալին, Դիլիջան, Իջևան, Տաշիր, Ստեփանավան, Ջերմուկ, համայնքներում:

Մասիս համայնք

Աղբավայրը գտնվում է Մասիս համայնքի վարչական տարածքում, քաղաքի կենտրոնից 8-9 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 13,7 հա տարածք։ Մասիս քաղաքի աղբավայրում, բացի Մասիս քաղաքի բնակիչների կողմից առաջացված կենցաղային թափոնները, տեղադրվում են նաև հարակից 27 գյուղերի կողմից առաջացված կենցաղային թափոնները։ Աղբավայրի տնօրինումը և կառավարումը վարձակալության պայմանագրի հիմման վրա տրվել է «Մասիսի բնակարանաին կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերությանը։ Մասիս համայնքի աղբահանությունը իրականացվում է «Մասիս կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից, ամենօրյա հաճախականությամբ, 1 հատ Ռենո հատուկ աղբատար և 2 հատ Զիլ ինքնաթափի օգնությամբ։ Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 180 դրամ, որը հաջողվում է հավաքագրել 80-90%։

 

Արարատ համայնք

Աղբավայրը գտնվում է Արարատ քաղաքի վարչական տարածքում քաղաքի կենտրոնից 2-3 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 6․1 հա տարածք։ Արարատ համայնքի բնակչության թիվը կազմում է 21,800 մարդ, որոնք տարեկան առաջացնում են մոտ 2590 տոննա կենցաղային թափոններ։ Արարատ համայնքի աղբահանությունը իրականացվում է «Արարատ համայնքի կոմունալ ծառայություն և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, ամեն օր հաճախականությամբ 1 հատ ՄԿ-10, 2 հատ Գազ-3309, 1 հատ Զիլ և 1 հատ տռակտոր բարձիչի օգնությամբ։ Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 180 դրամ, որը հաջողվում է հավաքագրել 80-90%։

 

Հրազդան համայնք

Հրազդան համայնքում ներկա պահին գոյություն ունի երկու աղբավայր։ Աղբավայրերից մեկը գործում է Սովետական Միության ժամանակներից մինչ այսօր և զբաղեցնում է 5 հա տարածք։ Աղբավայրը գտնվում է Հրազդան քաղաքից 5-7 կմ հեռավորության վրա։ Հրազդան համայնքի աղբավայրում տեղադրվում են ոչ միայն Հրազդան համայնքի կողմից գոյացված կենցաղային թափոնները, այլ նաև Ծաղկաձոր համայնքի կողմից գոյացված կենցաղային թափոնները։ Աղբավայրում տարեկան տեղադրվում է 9615 տ կենցաղային թափոն։ Հրազդան համայնքի աղբահանությունը իրականացվում է «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սան մաքրում» հիմնարկը, ամեն օր հաճախականությամբ 5 հատ Գազ 53, 2 հատ Զիլ հատուկ աղբատար և 1 հատ Կամազ աղբատար տեխնիկաների օգնությամբ։ Հրազդան համայնքի աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, որը հավաքագրվում է 75-80%։ Իսկ մյուս աղբավայրը ներկա պահին չի շահագործվում, քանի որ կատարվում են շինարարական աշխատանքներ։

 

Չարենցավան համայնք

Աղբավայրը գտնվում է Չարենցավան քաղաքի կենտրոնից 5 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 3 հա տարածք։ Չարենցավան համայնքի աղբավայրում տեղադրվում է նաև հարակից 5 համայնքների կողմից գոյացված կենցաղային թափոնները, որոնք տարեկան կազմում են 3200մ3։ Չարենցավան համայնքի աղբահանությունը իրականացվում է «Բարմակ» ՍՊԸ-ի կողմից պայմանագրային հիմքերով, 2 հատ Գազ 53 հատուկ աղբատար, 2 հատ Զիլ և 3 հատ Գազ 53 ինքնաթափ տեխնիկայի օգնությամբ։ Աղբահանության սակագինը մեկ շնչի համար Չարենցավան համայնքում կազմում է 200 դրամ, իսկ գյուղերում 150 դրամ։

 

Արթիկ համայնք

Արթիկ քաղաքի աղբավայրը գտնվում է քաղաքի կենտրոնից 3-4 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 3 հա տարածք։ Աղբավայրում բացի Արթիկ համայնքից իրենց կենցաղային թափոններն են տեղադրում նաև հարակից գյուղերը, որոնք խոշորացման արդյունքում դարձել են Արթիկ խոշորացված համայնքի մաս։ Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 3580մ3 կենցաղային թափոն։ Արթիկ համայնքի աղբահանությունը իրականացվում է «Շինարար Նարե» ՍՊԸ-ի կողմից պայմանագրի հիմման վրա, ամեն օր հաճախականությամբ, 3 հատ հատուկ աղբատար և 1 հատ Զիլ բեռնատարի օգնությամբ։ Արթիկ քաղաքի աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 160 դրամ, որը հաջողվում է հավաքագրել 50-60%։

 

 

Թալին համայնք

Աղբավայրը գտնվում է Թալին քաղաքից 5 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 3 հա տարածք։ Աղբավայրում տարեկան տեղադրվում է 110-120 տ կենցաղային թափոն։ Թալին համայնքի աղբահանությունը իրականացվում է համայնքի «կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից, ամեն օր հաճախականությամբ, 2 աղբատար մեքենաների օգնությամբ։ Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 150 դրամ, որը հավաքագրվում է 70-80%։

 

Դիլիջան համայնք

Աղբավայրը գտնվում է քաղաքից 12-13 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 3.27 հա տարածք։ Դիլիջան համայնքի բնակչությունը կազմում է մոտ 25000 մարդ, որոնք տարեկան առաջացնում են 13000մ3 կենցաղային թափոն։ Դիլիջան համայնքի աղբավայրում տեղադրվում է նաև հետևյալ գյուղերի կողմից առաջացված կենցաղային թափոնները․ Խաջարձան, Թեղուտ, Հաղարծին, Աղավնավանք, Վերին Գոշ և Ներքին Գոշ։ Դիլիջան համայնքի աղբահանությունը իրականացվում է համայնքի «Կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի  կողմից ամենօրյա հաճախականությամբ 2 հատ Կամազ Կ․Օ․, 2 հատ Սատկո, 1 հատ բունկեռավոզ, 1 հատ Բոբ Կատ և 1 հատ Դ․Տ․-180 տեխնիկայի օգնությամբ։ Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 100 դրամ։

 

Իջևան համայնք

Աղբավայրը գթնվում է Լուսաձոր հանայնքի վարչական տարածքում և զբաղեցնում է 3–4 հա տարածք։ Աղբավայրը գտնվում է Իջևան քաղաքից 7 կմ․ հեռավորության վրա։ Վերոնշյալ աղբավայրում տեղադրվում են Իջևան համայնքի և հարակից Ենոքավան, Գետահովիտ գյուղերի կողմից առաջացված կենցաղային թափոնները, որոնք տարեկան կազմում են 2800-2900մ3։ Իջևան, Ենոքավան և Գետահովիտ համայնքների աղբահանությունը իրականացվում է Իջևան համայնքի կոմունալ ծառայության կողմից, ամենօրյա հաճախականությամբ 1-հատ Գազ 53, 3-հատ Զիլ, 1-հատ ՄԿԶ և 2-հատ Զիլ հատուկ աղբատար մեքենաների օգնությամբ։

 

Տաշիր համայնք

Աղբավայրը գտնվում է քաղաքի կենտրոնից 5-6 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 4 հա տարածք։ Տաշիր համայնքի աղբավայրում տեղադրվում է ոչ միայն Տաշիր համայնքի այլ նաև հարակից Մեծավան և Սարչապետ գյուղերի կողմից գոյացված կենցաղային թափոնները, որոնք տարեկան կազմում են 4200 տ։ Տաշիր համայնքի աղբահանությունը իրականացվում է «Շին» ՍՊԸ-ի կողմից, սակայն քաղաքի գլխավոր փողոցի և շենքերի հատվածի աղբահանությունը իրականացվում է համայնքի կոմունալ ծառայության կողմից։ Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 150 դրամ, որը հավաքագրվում է 40-50%։

 

Ստեփանավան համայնք

Աղբավայրը գտնվում է քաղաքի կենտրոնից 3-4 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 7500մ2 տարածք, որից 3300մ2 աղբավայրի վերին հատվածն է, իսկ 4200մ2՝ ներքևի հատվածը։ Ստեփանավան համայնքի աղբավայրում բացի Ստեփանավան համայնքի կողմից գոյացված կենցաղային թափոններից նաև տեղադրվում է Գյուլագարակ, Լոռի, Բերդ համայնքների կողմից առաջացած կենցաղային թափոնները, որը տարեկան կազմում է 2293,2 տոննա։ Ստեփանավան համայնքի աղբահանությունը իրականացվում է համայնքի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, ամենօրյա հաճախականությամբ, 2-հատ Գազ-53 և 1-հատ Ռենո հատուկ աղբատար տեխնիկաների օգնությամբ։ Ստեփանավան համայնքի աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, որը հաջողվում է հավաքագրել 60-70%-ով:

 

Ջերմուկ համայնք

2021 թվականին կատարվել են Ջերմուկի քաղաքային աղբավայրի հողի նմուշների հետազոտություն՝ ԿՕԱ-ներ հայտնաբերելու նպատակով։ Ջերմուկի քաղաքային աղբավայրը գտնվում է քաղաքի կենտրոնից 6 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 2 հա տարածք։ Աղբավայրում տեղադրվում է ոչ միայն Ջերմուկ համայնքի կողմից առաջացված կենցաղային թափոնները այլ նաև հարակից Կարմրաշեն, Հեր-Հեր, Գնդեվազ և Կեչուտ համայնքների կողմից առաջացված կենցաղային թափոնները, որոնք տարեկան կազմում են 1500մ3։
Ջերմուկի աղբավայրի հարակից տարածքների հողերի ուսումնասիրության նպատակով վերցվել են փորձանմուշներ աղբավայրի պարագծով (15 հատ): Հետազոտված աղբավայրի հողի նմուշներում հայտնաբերված են ՀՔՑՀ իզոմերների կոնցենտրացիաներ։ Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՔՑՀ-ի իզոմերների, ԴԴՏ-ի իզոմերների և նրանց մետաբոլիտների, այլ պեստիցիդային պատրաստուկների ազդող նյութերի հայտնաբերված, հայտնաբերված պեստիցիդային ԿՕԱ-ների, հայտնաբերված բոլոր տեսակի ՊՔԲ-ների գումարային կոնցենտրացիային, որովհետև ՍԹԿ տրվում է շատ դեպքերում հենց այդ գումարային կոնցենտրացիաների համար, այլ ոչ թե առանձին նյութերի համար:
Ջերմուկի քաղաքային աղբավայրի 14 կետից (կետերի 93.33%) վերցրած հողի նմուշներում ՀՔՑՀ գումարային կոնցենտրացիան գերազանցում է ՍԹԿ-ի արժեքները 1.5-5.8 անգամ։ Հայտնաբերվել են ԴԴՏ–ի իզոմերների կոնցենտրացիաներ, սակայն տվյալ դեպքում պատկերը այլ է՝ ՍԹԿ արժեքների գերազանցում հետազոտված նմուշներում չի դիտվում։ Ջերմուկի աղբավայրում հայտնաբերված ԴԴՏ–ի իզոմերների և մետաբոլիտների գումարային կոնցենտրացիան չի գերազանցում ՍԹԿ ի տարբերություն այլ աղբավայրերի, որտեղ երբեմն հայտնաբերվում են նորմատիվային արժեքները գերազանցող ցուցանիշներ։ Ջերմուկի քաղաքային աղբավայրի նմուշներից 11-ում հայտնաբերվել են ալդրինի, 5-ում՝ դիլդրինի և էնդրինի բարձր կոնցենտրացիաներ։
Թեպետ պեստիցիդային բնույթի ԿՕԱ-ների խնդիրները շատ արդիական են, սակայն պոլիքլորացված բիֆենիլներիը (ՊՔԲ) ևս վտանգավորության աստիճանով չեն զիջում վերջիններիս։
Նմուշների մեծ մասում ԿՕԱ-ների գումարային կոնցենտրացիաները բավական բարձր են և մի քանի անգամ գերազանցում են ՍԹԿ-ները:
ԿՕԱ-ների գումարային կոնցենտրացիաների հայտնաբերումը հիմք են ծառայում անվանելու աղբավայրերը «ԿՕԱ-ների հնարավոր տարածման աղբյուր»։ Անցկացրած հետազոտությունների արդյունքների հիման վրա կարելի է եզրակացնել՝

  • Ջերմուկ քաղաքի աղբավայրը հանդիսանում է ԿՕԱ-ների կուտակման և տարածման ակտիվ աղբյուր:
  • Աղբավայրի հողի նմուշներում դիտվում են նորմատիվների արժեքները գերազանցող ԿՕԱ-ների կոնցենտրացիաներ:
  • Չնայած նմուշներում պեստիցիդային ԿՕԱ-ների զգալի մասի գումարային կոնցենրացիաներն ունեն նվազելու միտում, սակայն շարունակում են որոշակի վտանգ ներկայացնել:
  • ԿՕԱ-ների տարածման աստիճանը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է հետևողական գտնվել, ինչպես նաև իրականացնել միջոցառումներ «կուտակվող» աղբի ծավալները նվազեցնելու, դրանք վերամշակելու և ոչնչացնելու ուղղությամբ: