Հուլիսը Հայաստանում ամռան ամենաշոգ ամիսներից մեկն է: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում +16.6°C է, երրորդ տասնօրյակում այն հասնում է +17.3°C: Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում և Սյունիքի հովիտներում միջին ամսական ջերմաստիճանը տատանվում է +25...+27°C սահմաններում, Տավուշում` +18...+22°C, Լոռիում` +16...+18°C, լեռնային շրջաններում +15...+20°C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, գրանցվել է Մեղրիում` +43.7°C (2011թ), Արարատ +42.6°C (2017թ), Երևան +42.0°C (2011թ.): Լեռնային շրջաններում հուլիսը զով է, առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում +32...+34°C (Գյումրի` +38°C): Ամենաշոգ հուլիսները դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2010, 2011, 2015, 2017թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում 5-7 օր անընդմեջ տատանվել է +39...+41°C սահմաններում: Ամենահով հուլիսները դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության հովտային շրջաններում չի գերազանցել +34...+35°C: Խոնավ հուլիսներ են դիտվել 1906, 1929, 1939, 1956, 1985, 2003, 2009, 2010, 2011, 2012թթ, երբ տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 150-300%: Խիստ չոր հուլիսներ են եղել 1907, 1915, 1933, 1934, 1936, 1940, 1942, 1950, 1973, 1978, 1996, 1998, 1999, 2006թթ, երբ հանրապետության հովտային շրջաններում ամսվա ընթացքում տեղումներ ընդհանրապես չեն դիտվել:
Օդի հարաբերական խոնավությունը հուլիսին լեռնային շրջաններում բավական բարձր է` 60-70%, բարձր լեռնային շրջաններում` 80% և ավելի: Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում այն չի գերազանցում 44-55%: Առանձին օրեր Երևանում հարաբերական խոնավությունը հասնում է 40%, իսկ ցերեկային ժամերին կարող է նվազել մինչև 15%:
Հուլիսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում այն կազմում է 14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը` հասնելով իր առավելագույն արժեքին:
Կտրուկ նվազում է տեղումների քանակը, որը ամբողջ տարածքում միջինը կազմում է 49մմ, սակայն տեղումները բաշխվում են շատ անհամաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 55-75մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում` 10-15մմ: Տեղումներով օրերի թիվը նույնպես անհամաչափ է բաշխված, Լոռիում` 13-15 օր, Արարատյան դաշտում 4-5 օր: Լինում են տարիներ, երբ Արարատյան դաշտում հուլիսին տեղումներ ընդհանրապես չեն դիտվում: Ամպրոպների հաճախականությունը հուլիսին նվազում է: Արարատյան դաշտում ամպրոպ դիտվում է 5-6 օր, լեռնային շրջաններում, այդ թվում Սևանա լճի ավազանում` 10-12 օր:
Հովտային շրջաններում, որտեղ զարգանում է լեռնահովտային շրջանառությունը, քամու արագությունը աճում է, հատկապես երեկոյան ժամերին, (անդորրի կրկնելիությունը կտրուկ նվազում է, Երևանում անդորրի կրկնելիությունը կազմում է 19%): Քամու միջին արագությունը ժամը 21-ին հասնում է 6 մ/վրկ, առավելագույն արագությունը կարող է հասնել 18-21մ/վրկ և ավելի: Արարատյան դաշտում հաճախ դիտվում են խորշակներ` չոր և տաք քամիներ, որոնց հետևանքով խախտվում է բույսերի ջրային հաշվեկշիռը: Արարատում, Արմավիրում հուլիսին միջինը 1-2 օր դիտվում են ինտենսիվ խորշակներ, երբ կեսօրից հետո 8մ/վրկ-ից բարձր արագությամբ քամիների դեպքում խոնավության պակասորդը հասնում է մինչև 40մբ և ավելի:
Օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում։