03/02/2025
Հունվարի 29-ին տեղի է ունեցել Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ 3.0) նախապատրաստմանն ու մոնիթորինգին ուղղված «Կլիմայական գիտություն և տվյալներ» խորագրով առցանց աշխատաժողով, որին մասնակցել են նաև «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից Կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանը և կենտրոնական լաբորատորիայի Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության պետ-ջրերի լաբորատորիայի վարիչ Լիանա Վարդումյանը։
Նշենք, որ ազգային մակարդակով սահմանված գործողությունները ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրները մշակել են Փարիզյան համաձայնագրի շրջանակներում և դրանք ուղղված են կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ու մեղմմանը։
Աշխատաժողովի ընթացքում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կողմից ներկայացվել են ՀՕԿ-ի կլիմայական գիտության ուղեցույցի համապարփակ ակնարկը, ինչպես նաև հատուկ մեթոդաբանություն, ներառյալ գործիքները և տեխնիկական ռեսուրսները, աջակցելու կլիմայական ռիսկերի գնահատմանը, վերլուծելու ջերմոցային գազերի արտանետումների աղբյուրները, բացահայտելու ԱՍԳ թիրախների հետ կապված բացերը և իրականացնելու արտանետումների նվազեցման ջանքերի գնահատումներ և մոնիթորինգ IG3IS ծրագրի շրջանակներում:
Համագործակցության մեջ առանձնահատուկ դեր են կատարում ազգային հիդրոօդերևութաբանության ծառայությունները, միջազգային գիտական ինստիտուտները և կլիմայի մոնիթորինգի գլոբալ կենտրոնները։ Առցանց ժողովի ընթացքում ներկայացվեց Մոզամբիկի փորձը, տեղի ունեցան քննարկումներ: