05/11/2024
Հոկտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայության» (Ռոսհիդրոմետ) 190-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (Հայհիդրոմետ) պատվիրակությունը ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նախագահ դոկտոր Աբդուլլա Ալ Մանդուսի հետ, ով հանդիսանում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի (NMC) տնօրեն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՕԿ-ի գործունեությանը և տարբեր գիտատեխնիկական ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ մի շարք հարցեր, ներկայացվեցին «Հայհիդրոմետ»-ի դիտարկման համակարգի արդիականացման, կանխատեսումների համակարգի բարելավման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման վերաբերյալ խնդիրներ: Առանձին անդրադարձ կատարվեց Երևանի աերոլոգիական դիտարկումների վերսկսման խնդրին:
ՀՕԿ-ի նախագահը պատրաստակամություն հայտնեց Հայհիդրոմետին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ մասնավորապես հիդրոգեն գեներատոր ձեռք բերելու նպատակով։ Քննարկվեց նաև «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (EW4ALL) նախաձեռնությանը «Հայհիդրոմետ»-ի մասնակցության շրջանակը՝ կարևորելով «Հայհիդրոմետ»-ի կանխատեսման, մոնիթորինգի և նախազգուշացման համակարգերի և դրանց առնչվող կարողությունների հզորացման խթանումը։ Որոշվեց, որ որպես ՀՕԿ-ի կողմից EW4ALL-ի արագ գնահատման /Rapid Assesment/ արդյունքների շարունակություն, ՀՕԿ-ն աջակցելու է«Հայհիդրոմետ»-ին EW4ALL նախաձեռնության իրականացման համար ազգային կարիքների համապարփակ գնահատման գործընթացում։
Պրն․ Ազիզյանը շնորհակալություն հայտնեց դոկտոր Մանդուսին՝ «Հայհիդրոմետ»-ին աջակցելու պատրաստակամության համար և հրավիրեց նրան այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու Հայհիդրոմետի գործունեությանը, քննարկելու կարիքներն ու բացերը, ինչպես նաև ՀՕԿ-ի չափանիշներին և ռազմավարական ծրագրին համապատասխան Հայհիդրոմետի զարգացման ծրագիրը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև «Հայհիդրոմետ»-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի /NMC/ միջև երկկողմ համագործակցության հարցեր:
Երկուստեք վերհանվեցին համատեղ համագործակցության շրջանակները և հիմնական ոլորտները, որոնք գլխավորապես ներառում են օդերևութաբանական և կլիմայական ծառայությունները, օդի որակի մոնիթորինգի, ծառայությունների տրամադրման բարելավելման, և այլ ուղղություներ ու ոլորտներ։
Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչները հետաքրքրություն հայտնեցին մոտակա ժամանակներում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ այցելելու վերաբերյալ՝ տեղում կազմակերպության գործունեությանը ծանոթանալու, ինչպես նաև համատեղ գործունեության ծրագրերի քննարկման նպատակով։ Երկու կազմակերպությունները պայմանավորվեցին զուգահեռ աշխատանքներ սկսել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և NMC-ի միջև փոխըմբռնման հուշագրի (MOU) մշակման և ստորագրման ուղղությամբ։