Հոկտեմբերի 7-ին պաշտոնապես թողարկվեց ՀՕԿ-ի Համաշխարհային ջրային ռեսուրսների վիճակի 2023 թվականի զեկույցը
09/10/2024
ՀՕԿ-ի այս առաջատար զեկույցը համապարփակ պատկերացում է տալիս համաշխարհային ջրային ռեսուրսների վիճակի մասին և ընդգծում է կլիմայի փոփոխության աճող ազդեցությունը ջրի հասանելիության վրա:
2023 թվականի զեկույցի հիմնական հաղորդագրություններն են՝
- 2023 թվականը աշխարհի գետերի համար ամենաչոր տարին էր վերջին 33 տարվա ընթացքում, 🌾և ամբողջ աշխարհի գետերի գրեթե 50%-ը նորմայից ցածր հոսք է ունեցել, ինչը ազդարարում է ջրի հասանելիության կրիտիկական փոփոխությունների մասին:
- Սառցադաշտերը ամենամեծ զանգվածային կորուստներն են կրում վերջին 50 տարվա ընթացքում վտանգելով ապագա ջրային անվտանգությունը։
- Կլիմայի փոփոխությունը հիդրոլոգիական ցիկլը դարձնում է ավելի անկանոն, հեղեղումները դարձնելով ավելի էքստրեմալ, իսկ երաշտներն ավելի ինտենսիվ։
- «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» նախաձեռնությունը պետք է լուծի ջրի հետ կապված վտանգների խնդիրը։
- ՀՕԿ-ը պահանջում է ավելի լավ մոնիթորինգ և տվյալների փոխանակում։ Քաղցրահամ ջրային ռեսուրսների վերաբերյալ մեր ունեցած տվյալները դեռևս բավարար չեն: Ավելի լավ մոնիթորինգը և տվյալների փոխանակումը կարևոր են ջրի կառավարման վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու համար, քանի որ մենք չենք կարող կառավարել այն, ինչ չենք չափում:
2023 թվականի զեկույցի հիմնական առաջխաղացումներն են՝
- Համաշխարհային ջրային ռեսուրսների վիճակի մասին զեկույցն արդեն երրորդ անգամ է, որ թողարկվում է և մինչ օրս սա ամենաընդգրկունն է՝ լճերի և ջրամբարների ծավալների, հողի խոնավության տվյալների վերաբերյալ նոր տեղեկություններով և սառցադաշտերի և ձյան մեջ ջրի պաշարների վերաբերյալ առավել մանրամասն տվյալներով:
- Ավելացել է ՀՕԿ անդամ երկրների ներգրավվածությունը տվյալների փոխանակման առումով:
- Զեկույցն առաջարկում է առաջընթաց մեթոդաբանության և տվյալների աղբյուրների մեջ:
Համաշխարհային ջրամատակարարումը աճող սթրեսի տակ է
- Համաշխարհային ջրային ռեսուրսների վիճակի զեկույցը ընդգծում է համաշխարհային ջրամատակարարումների վրա ծանր սթրեսը։ Հինգ տարի անընդմեջ գետերի նորմայից ցածր հոսքերի, ինչպես նաև դրան հետևող ջրամբարներ ներհոսքի պատճառով այս պակասը ազդում է համայնքների, գյուղատնտեսության և էկոհամակարգերի վրա և այս պակասն ապագայում ավելի կսրի համաշխարհային ջրային ռեսուրսների վրա ճնշումը: Բացի այդ, սառցադաշտերը կրել են իրենց ամենամեծ զանգվածային կորուստը վերջին 50 տարում։ 2023 թվականին աշխարհի բոլոր տարածաշրջանները, որտեղ առկա են սառցադաշտեր՝ երկրորդ տարին անընդմեջ արձանագրեցին սառույցի կորուստ: Ըստ նախնական տվյալների՝ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոսը, սառցադաշտերը կորցրել են ավելի քան 600 գիգատոն ջուր։
- Զեկույցը նաև ընդգծում է, որ 2023 թվականը եղել է դիտարկումների ժամանակահատվածի ամենաշոգ տարին, որը նշանավորվել է երկարատև երաշտներով և համատարած հեղեղումներով, որոնք պայմանավորված են եղել ինչպես Լա Նինյաից-Էլ Նինյո անցումով, այնպես էլ անթրոպոգեն ազդեցությամբ առաջացած կլիմայական փոփոխություններով:
- Համընդհանուր չոր պայմանները և բարձր ջերմաստիճանները նպաստել են էքստրեմալ հիդրոլոգիական իրադարձությունների աճին, ոչ միայն երկարատև երաշտների, այլև զգալի թվով հեղեղումների ամբողջ աշխարհում:
- Հյուսիսային կիսագնդի գետերի ավազանների մեծ մասում մարտին ձյան մեջ ջրի պաշարը նորմայից ցածր էր կամ շատ ցածր, բացառությամբ Հյուսիսային Ամերիկայի որոշ մասերում որտեղ բարձր էր նորմայից:
- Հողի խոնավության մակարդակը աշխարհում տարածքների մեծ մասում հիմնականում նորմայից ցածր էր կամ շատ ցածր։
- Մարդկային զոհերի ամենամեծ թիվը 2023 թվականին գրանցվել է Աֆրիկայում։ Լիբիայում 2023 թվականի սեպտեմբերին երկու ամբարտակներ փլուզվեցին ուժեղ հեղեղումների պատճառով, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 11000 մարդ և տուժեց բնակչության 22 տոկոսը:
- Զեկույցը ներկայացնում է ջրային ռեսուրսների համաշխարհային գնահատում՝ հիմնվելով Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների տվյալների վրա՝ ջրի նկատմամբ զգայուն ոլորտներում որոշում կայացնողներին և աղետների ռիսկի կառավարմանը տեղեկատվություն տրամադրելու համար: Այն լրացնում է ՀՕԿ-ի «Համաշխարհային կլիմայի վիճակի մասին» զեկույցների շարքը:
- Թեև 2023 թվականի զեկույցը շահել է ՀՕԿ-ի անդամների կողմից տվյալների փոխանակման և մասնակցության ավելացումից, զգալի բացեր են մնում համաշխարհային ջրային ռեսուրսների մոնիթորինգի և տվյալների բաց փոխանակման հարցում՝ ընդգծելով այս ոլորտներում շարունակական առաջընթացի անհրաժեշտությունը, հատկապես Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ասիայում:
- Զեկույցը նպատակ ունի ստեղծել հիդրոլոգիական փոփոխականների գլոբալ տվյալների շտեմարան՝ աջակցելու ջրի հետ կապված վտանգների վաղ նախազգուշացման համակարգերին մինչև 2027 թվականը: Քանի որ 3,6 միլիարդ մարդ ներկայումս բախվում է ջրի պակասի, և կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը այդ թիվը կգերազանցի 5 միլիարդը, զեկույցը ընդգծում է գործողությունների հրատապ անհրաժեշտությունը հասնելու Կայուն զարգացման ջրի և սանիտարիայի վերաբերյալ 6-րդ նպատակին:
Այսպիսով, Համաշխարհային ջրային ռեսուրսների վիճակի հաղորդագրությւնները գլոբալ արթնացման կոչ է։
Սա համաշխարհային ջրային ռեսուրսների վիճակն է։