AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Վիեննայում կայացել է Օդերևութաբանական և շրջակա միջավայրի գործիքներին և դիտարկման մեթոդներին նվիրված ՀՕԿ 2024 թվականի տեխնիկական համաժողովը

03/10/2024

Սեպտեմբերի 23-26-ը Վիեննայում (Ավստրիայի Հանրապետություն) կայացել է Օդերևութաբանական և շրջակա միջավայրի գործիքներին և դիտարկման մեթոդներին նվիրված Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) 2024 թվականի տեխնիկական համաժողովը (TECO-2024)։ 

Համաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը։ 
ՀՕԿ տեխնիկական համաժողովի թեման էր «Չափումներ և նոր տեխնոլոգիաներ ՀՕԿ-ի առաջնահերթ նախաձեռնությունների համար»։ TECO-2024-ը եզակի միջոցառում է գործիքավորման, չափումների, դիտարկման մեթոդների և համակարգերի վերջին զարգացումներին ծանոթանալու տեսանկյունից։

Համաժողովի ընթացքում ներկայացվել են հետևյալ թեմաները՝

  • Նոր չափման տեխնոլոգիաներ և նորարար միասնական մոտեցումներ,
  • Դիտարկման համակարգերի բնապահպանական կայունություն,
  • Գործիքների և մեթոդների բնութագրում և փորձարկում,
  • Դիտարկման համակարգերի որակի ապահովում,
  • Կարողությունների զարգացում կայուն և որակյալ դիտարկումների համար։

Գործուղման ընթացքում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները սեպտեմբերի 24-26-ը մասնակցել են նաև Meteorological Technoligy Word Expo-ին, որտեղ ներկայացված էին հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի, ռադիոլոկացիոն դիտարկումների և հեռահար զոնդավորման բնագավառում համաշխարհային մասշտաբով առաջատար ընկերություններ (OTT Hydromet GmbH, SEBA Hydrometrie GmbH, Pessl Instruments GmbH, Tomorrow.io, LAMBRECHT meteo GmbH, SKYFORA, Vaisala, SOMMER GmbH, Modem, SAGIM, METEOPRESS,MicroStep-MIS, Synoptic, Baron, Cambell, և այլն): 
Ներկայացված էին նաև ընկերություններ, որոնք առաջարկում են արհեստական բանականության լուծումներ, բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման և ազդարարման համակարգեր:

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ցուցահանդեսին ներկայացված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ծանոթացել ժամանակակից սարքավորումների, մեթոդների, համակարգերի աշխատանքներին։

Լևոն Ազիզյանն և Վալենտինա Գրիգորյանը հանդիպել են «Météo-France» կազմակերպության ներկայացուցիչների հետ․ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ «Météo-France» կազմակերպության ներկայացուցիչը կայցելի Հայաստան՝ տեղում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեությանը ծանոթանալու, արդիականացման կարիքները քննարկելու և արդիականացման ծրագիր կազմելու նպատակով։

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները սեպտեմբերի 22-ին այցելել են MicroStep ընկերություն, պայմանավորվածություն են ձեռք բերել, որ MicroStep-ի ներկայացուցիչները կայցելեն «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ՝ MicroStep-MIS ընկերության՝ IMS CLDB Ինտեգրված համակարգի աշխատանքների վերաբերյալ լրացուցիչ թրեյնինգի անցկացման նպատակով, ինչպես նաև կանցկանցվեն թրեյնինգներ արբանյակային տեղեկատվության կիրառման, ավտոմատ եղանակի կայանների տեղադրման և սպասարկման աշխատանքների վերաբերյալ։ 

Սեպտեմբերի 27-ին Լևոն Ազիզյանն և Վալենտինա Գրիգորյանը այցելել են Ավստրայի Երկրաբանության, երկրաֆիզիկայի, կլիմայագիտության և օդերևութաբանության դաշնային ինստիտուտ (GeoSphere Austria), տեղում ծանոթացել տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին, ծանոթացել կլիմայական և այլ ծառայությունների տրամադրման հետ կապված տարբեր գործառույթներին։
Երկու կողմերն էլ հետաքրքրություն են հայտնել համագործակցելու և նախանշել են համատեղ համագործակցության հնարավոր հիմնական ոլորտները՝ վաղ նախազգուշացման համակարգեր, կլիմայական ծառայություններ, բարձր լեռնային գոտիներում դիտարկումներ, ագրոօդերևութաբանական դիտարկումներ, ծառայությունների տրամադրման բարելավելում և այլն։ Ավստրիական կողմը հետաքրքրություն է հայտնել մոտակա ժամանակներում այցելելու «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ` տեղում կազմակերպության գործունեությանը ծանոթանալու, ինչպես նաև համատեղ գործունեության ծրագիրը քննարկելու նպատակով։

Երկու կազմակերպությունները պայմանավորվել են զուգահեռ աշխատանք սկսել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և GeoSphere Austria միջև փոխըմբռնման հուշագրի (MOU) մշակման և ստորագրման շուրջ։