23/09/2024
Սեպտեմբերի 9-12-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը և Օդերևութաբանության ծառայության պետ Սոնա Հայրապետյանը հայաստանյան պատվիրակության հետ միասին մասնակցել են Ավստրիայի Ինսբրուք քաղաքում կայացած «Խորացված տեխնիկական դասընթաց. Կլիմայի փոփոխության դիմակայունության համար բնահեն լուծումները լեռնային շրջաններում» աշխատաժողովին։
Խորացված տեխնիկական դասընթացի նպատակն էր համախմբել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին՝ նպատակ ունենալով փոխանակել ժամանակակից գիտելիքներ բնահեն լուծումների վերաբերյալ և ինչպես դրանք ներառել երկրի մակարդակով ներդրումների և քաղաքականության մեջ մասնակից երկրներում, հաշվի առնելով, որ բոլոր այդ երկրները բախվում են այնպիսի խնդիրների հետ ինչպիսիք են կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը, բնական աղետների ռիսկերի կառավարումը և շրջակա միջավայրի վերականգնումը, որտեղ բնահեն լուծումների կիրառումը կարող է արդյունավետ արդյունքներ ունենալ։
Խորացված տեխնիկական դասընթացի ընթացքում հատուկ ուշադրության է արժանացել Ավստրիայի և այլ երկրների դեպքերի ուսումնասիրությունների և լավագույն փորձի ներկայացումը և քննարկումը, որոնք առաջնորդում են բնահեն լուծումները կլիմայի դիմակայության համար:
Աշխատաժողովին մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի՝ Կովկասի տարածաշրջան, և Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի՝ Կենտրոնական Ասիայի հանրապետությունների պատվիրակությունները կազմված ոլորտային ներկայացուցիչներից, ինչպես նաև փորձագետներ Համաշխարհային բանկից և Ավստրիայից, ովքեր ներկայացրեցին բնահեն լուծումներ լեռնային շրջաններից՝ աջակցելու Կենտրոնական Ասիայում և Կովկասում լեռնային շրջանների կայուն զարգացմանը:
Դասընթացի շրջանակներում ներկայացվեցին լեռներում առկա ռիսկերը և բնահեն լուծումներ Ալպյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներում լեռնային շրջանների կայունության համար։
Կազմակերպվել են նաև դաշտային այցելություններ ներկայացնելու տեսությունից՝ պրակտիկա անցումը, բնահեն լուծումների տեխնիկական ասպեկտները և առավելությունները։ Դաշտային այցելություններ եղան Աբզամեր Ֆորբերգ լեռ, որտեղ խոշոր հրդեհից հետո անտառվերականգման մեծ նախագիծ էր իրականացվել, այնուհետև Զայգեսբախ 3.76կմ² ջրհավաք ավազանի մակերես ունեցող գետակի ավազան, որտեղ 2015 թվականի զգալի վնասներ պատճառած սելավային հոսքից հետո սելավապաշտպան միջոցառումներ էին իրականացվել համադրելով ավանդական ենթակառուցվածքները պաշտպանիչ անտառների վերականգնման նախագծի հետ։ Այցելություն եղավ նաև Բարձրադիր անտառվերականգնում Հագգենում, որտեղ անասունների արածեցման համար լայնածավալ շարունակական անտառահատումների պատճառով տարածքի բնակչությունը վտանգված էր բազմաթիվ աղետալի ձնահյուսերի պատճառով:
Ներկայացվեց 1960-ական թվականներից սկսված գիտահետազոտական ծրագիրը, որի նպատակն էր կտրուկ թեքությամբ հարավահայաց լանջին, որը ծածկված էր արոտավայրերով, անտառային զանգվածի ստեղծման հաջողված մեթոդներ մշակել, ինչպես նաև մշակել ձեռնարկ մեծ բարձրությունների վրա պաշտպանիչ անտառների կայուն կառավարման համար։
Այսօր մեծ բարձրության վրա գտնվող 20 հեկտար անտառապատման տարածքն ունի խիտ ծառածածկ՝ միաշերտ կառուցվածքով և ծառատեսակներով։ Նպատակն է հասնել կառուցվածքային, բազմաշերտ և խառը լեռնային անտառի, որպեսզի կայուն կերպով պահպանվի ձնահյուսերից հնարավոր լավագույն պաշտպանությունը:
Թիմային աշխատանքների միջոցով երկրի թիմերը վերլուծելով իրենց երկրների համար կազմած իրավիճակի քարտեզները, բնահեն որոշումների իրականացման հիմնական հնարավորությունները, խոչընդոտները պատրաստեցին սահիկաշար բնահեն լուծումների շրջանակներում գործողությունների պլանավորման ռազմավարության որոշման վերաբերյալ, սահմանեցին հետագա գործողությունների պլանը ըստ ներկայացված ձևանմուշի: Հայաստանի պարագայում դա ուղղված էր հեղեղումների կանխատեսումների հարցին, ինչպես նաև երկրում վաղ նախազգուշացման համակարգի ներդրման անհրաժեշտությանը համապատասխան բացվածքով։