05/08/2024
Անոմալ շոգը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։ Օդի ջերմաստիճանը այդ ընթացքում զգալիորեն գերազանցում է տվյալ տարածաշրջանի կլիմայական պայամններին բնորոշ ջերմաստիճանները ամռան սեզոնին։ Սովորաբար անոմալ շոգը ասոցացվում է օդի բարձր ջերմաստիճանների հետ: Այնուամենայնիվ, տարբեր տարածաշրջաններ և երկրներ օգտագործում են տարբեր ջերմաստիճանային չափանիշներ անոմալ շոգի սահմանման համար, որոնք հաշվի են առնում կլիմայական, աշխարհագրական և սոցիալական պայմանների տեղական առանձնահատկությունները:
Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ջերմային սթրեսը համարվում է եղանակային պայմաններից մահացության հիմնական պատճառը։ Այն կարող է սրել խրոնիկ հիվանդությունները, ինչպիսք են սրտանոթային հիվանդությունները, շաքարախտը, ասթման, ինչպես նաև մեծացնել վարակների փոխանցման վտանգը:
Եվրոպայում 2003, 2010 և 2022 թվականների ամռանը 55 000 – 72 000 մարդ մահացավ անոմալ շոգերից:
Անոմալ շոգը կարող է հանգեցնել հողի խոնավության, գետերի հոսքի և ստորերկրյա ջրերի պաշարների նվազմանը՝ լուրջ վնաս հասցնելով մշակաբույսերին և նվազեցնելով բերքատվությունը: Ջերմային սթրեսի վտանգը սպառնում է նաև կենդանիներին՝ նվազեցնելով դրանց արտադրողականությունը: Ջերմային ալիքները կարող են ազդել ձկնաբուծության և ջրային կուլտուրաների վրա: Սա հանգեցնում է արտադրողների համար տնտեսական կորուստների, իսկ սպառողների համար պարենային ապրանքների գների բարձրացմանը։
Անոմալ շոգ եղանակներին մարդիկ ավելի հաճախ են օգտագործում օդորակիչներ, ինչը մեծացնում է էլեկտրաէներգիայի ծախսերը: Զբոսաշրջությունը նույնպես կարող է տուժել ջերմային ալիքներից։ Ջերմային ալիքները կարող են խաթարել տրանսպորտային համակարգերը, քանի որ բարձր ջերմաստիճանը կարող է դեֆորմացնել երկաթուղային գծերը, վնասել ճանապարհների մակերեսը, հանգեցնել գետի տրանսպորտային ուղիների նեղացման և ազդել օդանավերի շարժիչների աշխատանքի վրա: