AM RU EN

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Հին Հայաստան

21/10/2021

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ   

 

Բազմաթիվ քաղաքակրթություններ իրենց սկիզբն են առել Եվրասիա մայրցամաքի Առաջավոր Ասիայի տարածաշրջանում: Առաջավոր կամ Արևմտյան Ասիան ներառում է Փոքր Ասիայի Արաբական թերակղզիները, Միջերկրական ծովի արևելյան ափը, Կովկասը, Միջագետքի հարթավայրը, Իրանական, Փոքր Ասիական և Հայկական բարձրավանդակները:
Հայկական լեռնաշխարհը hայ ժողովրդի բնօրրանն է: Արևմուտքում այն հարում է Փոքր Ասիական բարձրավանդակին, իսկ հարավ-արևելքում աստիճանաբար միանում է Իրանականին:
Հայկական լեռնաշխարհի միջին բարձրությունը կազմում է 1850 մ, որը մոտ 500 մետր բարձր է հարևան Իրանական և Փոքր Ասիական բարձրավանդակներից: Այդ իսկ պատճառով Հայկական լեռնաշխարհն անվանում են «լեռնային կղզի»: Նրա ընդհանուր մակերեսն ավելի քան 400 000 քառ. կմ է, ընդգրկում է ընդհանուր թվով 500 լեռնաշղթա և 4000 լեռ, որոնցից ամենաբարձրը՝ Մեծ Արարատն է (5165 մ):
Պայմանականորեն Հայկական լեռնաշխարհը բաժանում են երկու մասի՝ Հայկական բարձրավանդակի կամ Միջնաշխարհի, որը գրավում է կենտրոնական մասը, և եզրային լեռնաշղթաների, որոնք շրջապատում են հյուսիսից, արևելքից և հարավից:
Եզրային լեռնաշղթաները, միանալով Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների ծայրամասային լեռներին, գոյացնում են բարձրություններից և գոգավորություններից կազմված բարդ համակարգ:
Արևելքում լեռնաշխարհի սահմանն անցնում է Ջավախքի (Աչքասար, 3196մ), Վիրահայոց (Լալվար, 2544մ),  Գուգարաց (Դժասար, 2245մ) , Միափորի (Միափոր, 2993մ), Սևանի (Սատանախաչ, 3319մ), Մռավի (Գոմշասար, 3343մ) և Արցախի (Կուսանաց լեռ, 2832մ) լեռներով՝ հասնելով մինչև Ղարադաղի լեռները (Սաբալան 4811մ)։
Լեռնաշխարհի հարավային մասը զբաղեցնում է ամենաերկար լեռնաշղթան՝ Արևելյան (Հայկական) Տավրոսը՝ մինչև 600կմ ընդհանուր երկարությամբ և ամենաբարձր Ջիլո (4168մ) գագաթով: Վերջինս Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ երրորդ լեռն է Մեծ Արարատից և Սաբալանից հետո: Արևելյան Տավրոսը սկսվում է Մուրատ (Արածանի) գետից  և Վանա լճից հարավ և ձգվում  Էգեյան ծովից մինչև Մեծ Զավ գետը, իսկ Տիգրիս և Եփրատ գետերը հոսում են նրա միջով՝ առաջացնելով խորը լեռնանցքներ:
Արևելապոնտական լեռներին զուգահեռ լեռնաշխարհի միջով արևմուտքից դեպի հյուսիս-արևելք տարածվում են Հյուսիսային (Հայկական) Տավրոսի  լեռները: Իսկ կենտրոնով, արևմուտքից դեպի արևելք, ձգվում է Ներքին Տավրոս լեռնաշղթան: Նրա շարունակությունը կազմող Հայկական պարը հասնում է մինչև  բիբլիական Արարատ լեռը:
Մասիս անվանումով այս լեռնային զանգվածն իր երկու գագաթով կանգնած է Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնում: Գագաթներից մեկը՝ Մեծ Արարատն ունի 5165 մ բարձրություն, իսկ մյուսի՝ Փոքր Արարատի բարձրությունը հասնում է 3925մ: Արարատ լեռան ստորոտին, դեպի արևելք սփռվում է ընդարձակ ու բերրի Արարատյան դաշտավայրը, որի մակերեսը կազմում է 6600 քառ.կմ:
Մասիս լեռից մոտ 90կմ դեպի հյուսիս գտնվում է ևս մի լեռնային զանգված` քառագագաթ Արագածը: Արտաքին տեսքով այն  նման է սիմետրիկ կոնի: Հյուսիսային գագաթն ունի 4090մ բարձրություն, արևմտյանը՝ 3995.3մ, արևելյանը՝ 3902մ, իսկ հարավայինը՝ 3887մ:
 Արագածից դեպի հյուսիս-արևմուտք սփռվում է 600 քառ.կմ մակերեսով Շիրակի դաշտավայրը: Վերջինս հյուսիսից պատսպարված է Բազումի (Ուրասար, 2992մ) և Փամբակի (Թեժլեռ, 3101մ) լեռներով:
Հայկական պարի արևելյան սահմանից հարավային ուղղությամբ տարածվում է Վասպուրականի (Ավրին, 3623մ) լեռնաշղթան, որի շարունակությունը կազմում է Զագրոսի (Չերդկուխ, 4548մ) լեռնաշղթան:
Վասպուրականի լեռնաշղթայից դեպի արևմուտք ձգվում են Ծաղկանց լեռները, որոնց եզրում գտնվում է Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը` Թոնդրակը (Խորի), 3542մ բարձրությամբ: Նրա 600մ խորությամբ հրաբխաերախից ժայթքում են բարձր ջերմաստիճանային գոլորշիներ և ծծմբային գազեր:
Ծաղկանց լեռներից դեպի հարավ–արևմուտք՝ Վանա լճի արևմտյան ափերի եզրագծով, ձգվում են Բզնունյաց լեռները, որոնք սկիզբ են առնում Սիփան հանգած  հրաբուխով (4084մ), և ավարտվում են Սարակն (Նեմրութ) լեռան գագաթով (3050մ):
Հայկական լեռնաշխարհը կարծես ստեղծվել է սկիզբ տալու բազմաթիվ ազգերի ու ազգությունների, և զարգացնելու քաղաքակրթություններ, քանի որ իր մեջ ամփոփում է բյուրավոր մեծ ու փոքր լեռնաշղթաներ ու լեռներ, լճեր ու գետեր, սարահարթեր ու կիրճեր: Հայկական լեռնաշխարհ անվանմամբ գանձարանը դեռ երկար ժամանակ ուսումնասիրության առարկա է լինելու մեր սերունդների համար:
 
   

 

 

Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը

01/10/2021