AM RU EN

Համգործակցություն ՀԿ-ների հետ

Քայլարշավ-աղբահավաքություն Սևան ազգային պարկի տարածքում

24/07/2020

Հուլիսի 24-ին  «Սևան» Ազգային պարկի տարածքում՝ Հայրավանքից դեպի Մարտունի տանող ճանապարհին, Գեղարքունիքի մարզի երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ քայլարշավ-աղբահավաքություն։  Քայլարշավային երթուղին, որը նախապես մշակվել էր երիտասարդների մասնակցությամբ ուներ  7 կմ երկարություն և ընդգրկում էր Սևանա լճի ափամերձ գեղատեսիլ հատվածները։
Միջոցառման մասնակիցները, քայլելով և վայելելով Հայրավանքի, Սևանա լճի, Գեղամա լեռների, սաղարթախիտ փոքրիկ անտառի ու լճակի հիասքանչ տեսարանները, զուգահեռաբար մաքրում էին շրջակայքը  կենցաղային աղբից։ Ցավոք սրտի մեր հասարակության բավական լայն զանգվածի մեջ ցածր է էկոլոգիական կրթության և դաստիարակության մակարդակը, մարդիկ վայելում են հանգիստը, ետևից թողնելով իրենց իսկ կողմից ստեղծված աղբը, առանց մտածելու հետևանքների մասին, և արդյունքում ականատես ենք լինում շատ ցավալի տեսարանների։
Առավել աղտոտված էին լճի ափամերձ այն հատվածները, որոնք օգտագործվում են ձկնորսների կողմից. Այնտեղ կային բազմաթիվ միմյանց կապված պլաստիկ շշեր,որոնք թե ջրում, թե ցամաքում չափազանց վտանգավոր են։ Աղբի մի մասն էլ արդեն լճի ընդհանուր աղտոտվածության հետևանք է հանդիսանում ու հավանաբար այստեղ էր հասել այլ ափերից։
Միջոցառումը  կազմակերպվել էր «Բաց ավազան» ծրագրի շրջանակներում,  «Բլեջան» ՀԿ-ի կողմից, Երևանի Օրհուս կենտրոնի հետ համագործակցությամբ։
Միջոցառմանը մասնակից  երիտասարդները նախապես բնապահպանական թեմաներով, այդ թվում՝ Կոշտ կենցաղային թափոնների կառավարման թեմայով առցանց դասընթաց էին ունեցել, որն անցկացվել էր Երևանի Օրհուս կենտրոնի կողմից։
«Բաց ավազան» նախագիծն իրականացվում է«Բլեջան»  բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի  կողմից՝ «ԵՄ հանուն մշակույթի. Առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում։